Ներկա պահին կարևոր է չկրկնել նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները: Այս մասին Ազատության հրապարակի հարթակից այսօր հայտարարել է ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարախատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա հույս է հայտնել, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նոր քաղաքական մշակույթ ներմուծելով, հնարավորինս քիչ սխալներ գործելով, ժողովրդի հետ միասին նպատակին կհասնի:
Սեֆիլյանն ասել է, որ «իրենց խելոք համարող շատ վերլուծողներ» հաճախ ընդդիմադիր գործիչներին զգուշացնում են, որ չի կարելի ապակայունացնել իրավիճակը, որովհետև Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է և կա Արցախի խնդիրը:
«Այլևս թող էդ լոլոները իրենց գլխին կարդան: Մեկ այլևս ժամանակ չունեն, և ժողովուրդը ստիպել է ոչ թե տարիների ընթացքում, այլ ամիսների ընթացքում նպատակին հասնել», – ասել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ «եթե այդ լոլոները լսենք, ապա կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլ ամբողջը, ամբողջ Հայաստանը»:
Սեֆիլյանը նշել է նաև, որ 2008 թվականին իշխանություններին հաջողվեց սեպ խրել Արցախի բնակչության և Հայաստանի բնակչության միջև, սակայն այսօր դա չի հաջողվել: Որպես օրինակ քաղաքական-հասարակական գործիչը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Ազատության հրապարակում արցախցի պատագամավորը ելույթ ունեցավ:
«Այս անգամ մենք հաջողության ենք հասնելու, որովհետև 25 տարի հետո եկել է ժամանակը սերնդափոխություն իրականացնել, ոչ թե տարիքային սերնդափոխություն, այլ որակական… Ես հավատում եմ, որ ըմբոստ ժողովրդի ապստամբության արդյունքում մենք վերածնելու ենք Հայաստանը: Չեմ կասկածում այս խոսքերին», – հայտարարել է Սեֆիլյանը:
Նա հավելել է, որ այլևս որևէ մեկը ժողովրդին խաբելու իրավունք չունի.
«Չենք թողնելու կասկածը բարձրանա այս բեմ և հասնալու ենք մեր նպատակին», – հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը: