Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր «Ֆեյսբուք»-ի իր Էջում ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ «Դժվար չէ՞ միշտ ընդդիմադիր լինելը» հեգնանքով տրված հարցին պատասխանել է, որ դժվար է ընդդիմադիր չլինելը երկրում, որտեղից քսան տարվա մեջ անարդարության ու անօրինության պատճառով արտագաղթել է բնակչության կեսը:
«Դժվար է չլինել ընդդիմադիր սեփական հայրենիքում, որտեղ իշխանությունը տասնհինգ տարի շարունակ զավթված է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք ցանկացած ընտրությունները վերածում են հերթական պետական հեղաշրջմանը, բռնի ուժով ու կեղծիքներով վերահաստատելով բռնապետությունը:
Դժվար է չլինել ընդդիմադիր, երբ միայն պաշտոնական տվյալներով բնակչության 1/3-ը ապրում է աղքատության շեմից ցածր, դպրոցականների 15%-ը քաղցած է մնում, որտեղ պաշտոնյաները մանկապարտեզներից գողանում են կարագը, բանակից` միսը, թոշակառուներից` նպաստը, եւ այս ամենը նույնպես պաշտունական տվյալներով», -գրել է Խզմալյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում մաքսային ու հարկային ծառայությունները օրինականացված թալանով են զբաղված, իսկ պետական աշխատանքի հիմանական գործառույթն է ժողովրդին կեղեքելու արհեստը:
«Որտեղ իրական արվեստն ու մշակույթը փոխարինվել են հեռուսատեսային աղբով ու օտարածին կլկլոցով: Դժվար է այս պայմաններում չլինել ընդդիմադիր: Եվ անհնար է հաշտվել այս խայտառակության հետ, եթե ունես մարդկային ու ազգային արժանապատվություն: Եվ անհնար է արվեստով զբաղվել, ձևանալով, որ ամեն ինչ ճիշտ է և այսպես էլ պետք է լիներ: 30 արծաթը մնում է 30 արծաթ, դավաճանությունը` դավաճանություն, իսկ պայքարը հանուն արդարության` ժողովրդին ծառայելու միակ հնարավոր ընտրությունն է: Ժողովրդին, այլ ոչ նրան կեղեքող զավթիչներին: Իմ ու ընկերներիս ընտրությունն այս պայմաններում շատ հեշտ է: Ձերը` դժվար է ու խայտառակ: Ընդունեք իմ կարեկցանքը», – գրել է Տիգրան Խզմալյանը: