Գլխավոր / Տեսանյութեր / Ակտիվիստներին թույլ չեն տվել մոտենալ ՍԴ-ի շենքին. Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը բերեցին

Ակտիվիստներին թույլ չեն տվել մոտենալ ՍԴ-ի շենքին. Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը բերեցին

17:53 Մինչ «Ժառանգության» ներկայացուցիչները մտել են ՍԴ-ի շենք՝ հայցը հանձնելու, դրսում հավաքված ակտիվիստները երգում են հայրենասիրական երգեր: Նրանք նաև սպիտակ պաստառներ են բացել՝ ակնարկելով, որ այլևս ասելիք չունեն:

17:30 Ժ. 17.15-ի սահմաններում Սահմանադրական դատարանի մոտ հավաքվել էին մոտ 10 ակտիվիստներ, որոնք սպասում էին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների ժամանմանը: Ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան պետք է հանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից հրապարակած թվերը:

Ոստիկանները ակտիվիստներին թույլ չեն տվել մոտենալ շենքին՝ պահանջելով անցնել դիմացի մայթ: Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը բացատրել է, որ իրենք ակցիա չեն անում և անգամ պաստառներ չեն բերել, պարզապես ցանկանում են ներկա լինել: Ոստիկանները, սակայն, պատ են կազմել և արգելու են մոտենալ շենքին:

Ավելի ուշ ՍԴ-ի մոտ են ժամանել «Ժառանգության» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը, Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը: