«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով երկու օր առաջ շնորհավորական ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանին:
Նամակում ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
Այսօր հայկական ԶԼՄ-ներով տարածվեց Ձեր շնորհավորական ուղերձը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում 2013 թվականի փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր շնորհավորանքը տեղի ունեցավ այն պահին, երբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը տարածեց /2013 թ. մարտի 3/ իր միջանկյալ զեկույցը, որում ներկայացված է ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության անվստահությունը և այն հիմնավորող բազմաթիվ փաստեր և հիմնավորումներ, ներառյալ բարձր մասնակցության և Սերժ Սարգսյանի ստացած քվեների միջև փոխկապակցվածությունը, որը իրավամբ մտահոգություններ է առաջացնում ընտրական գործընթացի բարեխղճության վերաբերյալ:
Ձեր շնորհավորանքը տարածվեց այն ժամանակ, երբ Էմնեսթի ինթերնեշնլը իր հայտարարությամբ /2013 թ. փետրվարի 28/պահանջում էր պատշաճ քննություն իրականացնել 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կատարված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա:
Ես իմ մի խումբ գործընկերների և համախոհների հետ 2012 թ. հունիսի 4-ին ԱՄՆ կառավարության կողմից ստացանք Համընդհանուր իրավունքների մրցանակներ, որոնց հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը: Մենք ոգևորված էինք ժողովրդավարական պետության կառավարության կողմից մարդու իրավունքների, ժողովրդավարության կայացման համար պայքարողներիս գործունեությանը նման աջակցության համար: Ճիշտ է, տեղական ազգայնականների կողմից արժանացանք հերթական գնահատականների` որպես ազգային շահերը դավաճանողների, գունավոր հեղափոխություն իրականացնողների, արտասահմանյան դրամաշնորհների վճարման դիմաց երկիրը հեղինակազրկողների, բայց նման որակումները մեզ խորթ չեն: Եվ դրանցով չենք երբեք ղեկավարվել մեր իրավապաշտպան գործունեության մեջ:
Սակայն Ձեր շնորհավորանքը, ակնհայտ անհամապատասխան էր այն ընտրություններին, որոնք ուղեկցվեցին խայտառակ ընտրական կեղծիքներով և խախտումներով:
Դուք անմիջական պատասխանատվություն վերցրեցիք ընտրական կեղծիքների համար՝ շնորհավորելով նրանց, ովքեր կեղծել են ընտրությունները և ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ոտնահարման, համակարգված, կազմակերպված խախտումների, ժողովրդավարական արժեքների ոտնահարման և ոչնչացման համար: Իրադարձությունների նման զարգացման պարագայում, մենք որևէ երաշխիք չունենք, որ տեղի չի ունենա Հայաստանի բելառուսացման գործընթացը: Իմ մոտ հարց է առաջանում, արդյո՞ք ես արժանի եմ կրելու այլևս «Ազատության մրցանակ»-ը, որը տրվել է ժողովրդավարական երկրի կառավարության կողմից, որի ղեկավարը ակնհայտորեն հայտնվել է ազատությունը սահմանափակողների, խրախուսողների շարքում:
Այս նամակով իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ձեր դիրքորոշման վերաբերյալ, հուսով եմ և ակնկալում եմ Ձեր մեկնաբանությունները իմ նամակում բարձրացված խնդիրների վերաբերյալ: Ձեր պատասխանից և մեկնաբանություններից ելնելով՝ հնարավորություն կունենամ վերջնական որոշում կայացնել»: