Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ձերբակալել է մի տղամարդու` 40-ամյա Մյուրաթ Ն.-ին, քաղաքի Սամաթիա արվարձանում հայազգի տարեց կանանց նկատմամբ հարձակումների կասկածանքով։
Hurriyet օրաթերթի վկայությամբ` Մյուրաթ Ն.-ն հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի է և ձերբակալվել է որպես կասկածյալ հինգ հարձակումների համար, որոնցից մեկը` մահացու ելքով։ Վկայակոչելով անանուն աղբյուրները` Hurriyet-ը գրել է, որ կասկածյալը մենակ է ապրում, հարձակումները կատարել է ենթադրաբար գողության նպատակով։
Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` ոստիկանությունը ոչ հաստատել և ոչ էլ հերքել է ձերբակալության փաստը։
Երկու ամիս առաջ Սամաթիայում դաժանաբար սպանվել է 85-ամյա Մարիցա Քյուչյուքը, Ստամբուլի նույն, ինչպես նաև Բաքըրքյոյ թաղամասերում տարեց հայ կանանց նկատմամբ հարձակումների մի քանի այլ դեպքեր ևս արձանագրվել են, որոնց հետևանքով, մասնավորապես, 87-ամյա Թուրֆանդա Աշիքը կորցրել է մի աչքը, 84-ամյա Սուլթան Աքյարը ենթարկվել է աչքի վիրահատության։
Հունվարի 27-ին Սամաթիայում երթ էր կազմակերպվել ի նշան այդ հարձակումների դեմ բողոքի։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը: