ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2012 թվականի ընթացքում մի շարք թերացումներ, ինչպես նաև դրական զարգացումներ է արձանագրել Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում, որոնք ներառել է 2012 թվականի իր զեկույցում: Այսօր օմբուդսմենի մամուլի գրասնեյակը տարածել է զեկույցին ՊՆ-ին վերաբերող մի հատված:
«Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
– 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման վերաբերյալ հայտնաբերվել են ընդհանուր թվով շուրջ 400 դեպքեր:
– Առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները առհասարակ չեն տեղեկացվել իրենց զինվորական ծառայության հակացուցված ձևերի մասին:
– ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացվել է շուրջ 1000 դիմում-բողոք, ինչը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս` մանրակրկիտբուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը բժշկական հանձնաժողովներին չի հաջողվել:
– Որոշ դեպքերում առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները զորամասերի հրամանատարության կողմից իրենց առողջական վիճակի հետ անհամատեղելի հրամաններ են ստացել և կատարել:
– Զորամասերում գրանցվել են ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման դեպքեր:
– ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծել, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է զեկուցագրի ստորագրումը:
– Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:
– Գրանցվել են զինծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորման մի շարք դեպքեր:
– Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները սահմանված կարգով չեն տրամադրվել անձանց:
– ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, իրենց գործառույթներն իրականացնելիս, առանձին դեպքերում թույլ են տվել իրենց պաշտոնական դիրքի չարաշահումներ:
Արձանագրված դրական զարգացումները.
– 2012 թվականին ընդունվել է «Հայաuտանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքը:
– Ըստ պաշտոնական տվյալների ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատությամբ, նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը:
– Զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ:
– 2012 թվականին թվով 157 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց պաշտպանության նախարարությունը տրամադրել է դրամական փոխհատուցում»։