Home / Հայաստան / Օտար պետություններին կոչ են անում հետևել ՀՀ Սահմանադրությանը. ստորագրահավաք

Օտար պետություններին կոչ են անում հետևել ՀՀ Սահմանադրությանը. ստորագրահավաք

Facebook սոցիալական ցանցում մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ ստորագրահավաք են սկսել, որի նպատակն է դժգոհություն հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված ժամկետները չլրանալու պարագայում մի քանի պետություններ շնորհավորում են նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուներից մեկին:

Ակտիվիստները նշում են, որ հարկ են համարում խնդիրը բարձրաձայնել «առավել ևս ընտրակեղծարարությամբ իշխանությունը վերազավթած թեկնածուի պարագայում, երբ դրանում ներգրավվում են ժողովրդավարական համարվող պետությունների ղեկավարները կամ ժողովրդավարական արժեքներ խթանող կառույցների ներկայացուցիչները` ակնհայտորեն հետապնդելով քաղաքական նպատակներ և կիրառելով երկակի ստանդարտներ»:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ազգային շահերին հակասող նմանօրինակ գործելաոճը մենք դիտում ենք որպես հարված ժողովրդավարական պետություն կերտելուն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ջանքերին: Վիճելի ընտրությունների արդյունքում «հաղթած» բռնապետերին հապճեպ շնորհավորելու այս պրակտիկան անթույլատրելի է, քանզի այն կրկին կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ինչպիսիք էին 2008 թվականի հայաստանյան նախագահական ընտրություններին հաջորդող աղետալի իրադարձությունները», – նշում են կոչի հեղինակները:

Քաղաքացիական ակտիվիստներն իրենց տեքստում ընդգծում են, որ ընտրություններն ուղեկցվել են կոպտագույն իրավախախտումներով՝ վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ առցանց տեղադրված տեսանյութեր:

«Լրագրողների, դիտորդների և այլ անձանց նկատմամբ բռնությունների փաստերով 2012 թ. փետրվարի 28-ին իր մտահոգությունն է հայտնել նաև «Ամնեսթի Ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը և պահանջել մարդու իրավունքների և ընտրական իրավունքի խախտման դեպքերի ամբողջական քննություն:

Լայնածավալ ընտրախախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որի մասին վկայում են ինչպես տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված վերլուծություններն, այնպես էլ 2013թ. մարտի 2-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից հրապարակված Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ 3-րդ միջանկյալ զեկույցում արտացոլված մտահոգությունները:

Նախագահական ընտրություններից հետո երկրով մեկ ծավալվող զանգվածային ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության դրսևորումներն իրենց հերթին ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները չեն հավատում կայացած ընտրությունների օրինավորությանն ու այլևս չեն ցանկանում հանդուրժել ընտրակեղծիքներով ձևավորվող որևէ մեկի իշխանությունը…

…Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պահանջում ենք պահպանել միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ հարգանքը և մեր պետության հետ հարաբերություններում հետևել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին: Նաև հորդորում ենք 2013թ. նախագահական կեղծված ընտրությունները տարածաշրջանային ժամանակավոր շահերի սպասարկման նպատակով լեգիտիմացնելով` չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժողովրդավարական պետություն կերտելու իղձերի իրականացմանը»,- ասված է կոչի մեջ:

Հեղինակները նշում են, որ Facebook-ի տվյալ էջին միանալով՝ օգտատերը ստորագրում է կոչ տակ, իսկ հայտարարությունը տարածվելու է էջին միացած անձանց ստորագրությամբ: