Home / Տեսանյութեր / Հախվերդյանն առաջարկեց «հարգել քաղաքական դիակների հիշատակը». հանրահավաքը` օնլայն

Հախվերդյանն առաջարկեց «հարգել քաղաքական դիակների հիշատակը». հանրահավաքը` օնլայն

18:03 Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը մոտեցավ խոսափողին ու առաջարկեց մի պահ լռությամբ հարգել քաղաքական դիակների հիշատակը: Նրա խոսքով՝ եթե իշխանություններն ամոթ ունենաին, վաղուց հրաժարական կտային:

17:50 Ազատության հրապարակի հարթակից ելույթ է ունեցել «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը:

«Վերջին տարիներին «ազատություն» բառը շատ է շահարկվում: Մենք ազատ ենք ի սկզբանե, Աստված մեզ ազատ է ստեղծել», – ասել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ նույն կերպ շահարկվում է հեղափոխություն բառը:

Սիմոնյանն ասել է, որ հայաստանցիներին շատ են վախեցնում՝ խոսելով արաբական հեղափոխությունների մասին, սակայն պարտադիր չէ, որ Հայաստանում նույն կերպ զարգանան իրադարձությունները և երկրի ղեկավարները նույն ճակատագրին արժանանան:

Սիմոնյանը նշել է, որ մեր երկրում մտածողության հեղափոխություն է տեղի ունենում, որը հնարավոր չէ կասեցնել, և այդ հեղափոխությունը զարգանում է օր օրի:

Նա կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին միանալ Ազատության հրապարակում, ինչպես նաև միասնական ցուցակով մասնակցել մայիսի 2-ին կայանալիք ընտրություններին:

17:25 Ազատության հրապարակի հարթակից ելույթ է ունեցել Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի որդին՝ Գևորգ Գորգիսյանը:

«Մենք ենք երկրի տերը, և իշխանությունները պատասխանատու ու հաշվետու են ժողովրդի առաջ: Ու նաև մենք պետք է որոշենք իրենց ապագան», – հայտարարել է Գևորգ Գորգիսյանը:

Նա ողջունել է այն երիտասարդներին, ովքեր չեն ընկրկել և դուրս են եկել պայքարի:

Գորգիսյանը կոչ է արել բոլորին դուրս գալ պայքարելու հանուն Հայաստանի, ինչպես նաև ասել է, որ ամեն հայ այս պահին պետք է մոռանա թաղային, անձնական, կուսակցական շահերը և համախմբվի հրապարակում:

17:16 Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հիշեցրել է, որ վերջին շրջանում հանդիպումներ է ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Սարդարապատ» նախաձեռնության, ինչպես նաև այլ քաղաքական և քաղաքացիական կազմակերպությունների հետ:

«Եթե ՀԱԿ-ը պատրաստ լինի, ես կողջունեմ նաև իրենց հետ համագործակցությունը», – ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր հանդիպումներում օրակարգի տարբերություն չի եղել:

«Բոլոր հանդիպումներում միևնույն խոսքն է: Ժողովուրդը կերտել է սահմանադրական իր իշխանությունը, որն արվել է առաջին անգամ՝ սկսած 1995 թվականից: Այս անգամ ժողովրդի դեմ խաղ չի լինելու: Ոչ մի նահանջ չի լինելու: Երիտասարդ մի հանրապետական ակնարկ արեց, որ ռուսական բառեր եմ օգտագործումԼ Հիմա «զադնի» բառի փոխարեն ասում եմ՝ ոչ մի նահանջ չի լինելու», – ասել է ընդդիմության առաջնորդը:

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ նախորդ անգամ հրապարակ է հրավիրել է «երեք գործող, շուտով՝ նախկին պաշտոնյանյաների»:

«Իրենք չուզեցին ժողովրդի հայացքը կիսել, ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրել, որովհետև գիտեին, որ ես կգնայի ու ժողովրդի պահանջը կներկայացնեի: Մենք այլևս ասելիք չունենք, գործ պիտի անենք: Համալսարաններում, բուհերում, հրապարակում, մարզերում մեր գործը պիտի անենք: Եվ անգամ եղանակի փոփոխություն չի շեղելու մեզ», – ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է, որ ժողովուրդը պետք է կանգնի բոլոր այն գյուղապետերի և քաղաքապետերի կողքին, որոնք քավության նոխազ են դարձել և ում մեղադրում են Սերժ Սարգսյանի օգտին ձայներ չապահովելու համար:

«Վախկոտ են, փոխանակ Լիսկային բերեն դատախազության առջև, այդ գյուղապետին են դատում: Արարատի Ջրաշենում մենք հաղթեցինք՝  հիմա գազի խողովակներն են տանում, ասում են՝ հիմա թող Րաֆֆին բերի: Սա՞ է մեր օրենքի իշխանությունը, սա՞ է օրենքը և սահմանադրութունը: Հետո իրենց ուղղեցին, ասացին, որ տրամագիծն են փոխում են, մեծը բերեն: Տեսնենք՝ որն է այդ մեծը: Մենք պետք է կանգնենք այն գյուղապետերի կողքին, որոնք, ՀՀԿ-ական լինելով, ապահովեցին ժողովրդի ձայները: Չարաճճի փոքրիկ հանրապետականներին, որոնք փորձում են Սարսգյանի փոխարեն ինձ նեղացնել, ես մի ասելիք ունեմ՝ «Բարև, բարև, ձեր օրերը հաշվված են, կանգնելու եք օրենքի առջև»:

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է գալիք օրերի ծրագիրը:

Վաղը՝ մարտի 6-ին, առավոտյան ընդդիմության առաջնորդը հանդիպելու է Եվրամիության դեսպանի հետ, որից հետո մեկնելու է Տավուշի մարզ՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ:

Մարտի 7-ին հանդիպելու է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ, որից հետո մեկնելու է Թալին, Արթիկ, Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ապարան:

Իսկ մարտի 8-ին, ժ.17:00-ին՝  տոնական հավաք է կազմակերպվելու Երևանի Ազատության հրապարակում՝ ողջունելու կանանց:

«Ով իմ խոսքերի մեջ ծրագիր չի տեսնում, հեգնանքով է խոսում, ինքը տեսնելու է ծրագիր: Մարտի 10-ին այս ծրագրի բեկումը կտեսնի», -ասել է Հովհաննիսյանը:

17:15 «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ նշել է, որ Հայաստանում վերադարձի հնարավորություն է ստեղծվել, և այժմ կարող է վերադառնալ յուրաքանչյուրը՝ լինի դա աքսորված մարդ, թե մոլորված վերլուծաբան: Ընդդիմության առաջնորդը նշել է, որ նման առիթ է ստեղծվել նաև Սահմանադրական դատարանի դատավորների, այդ թվում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար վերջին հնարավորությունն է ճանաչել ժողովրդի հաղթանակը:

Նա ասել է, որ ՍԴ-ն պետք է քննի այն անկախ փորձագետների գնահատականները, որոնք հայաստանյան ընտրությունների մասին իրական գնահատական են հնչեցրել: Օրինակների թվում նա, մասնավորապես, հնչեցրել է Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպության անունը, ինչպես նաև անդրադարձել է ընտրություններին դիտորադական առաքելություն անցկացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Հովհաննիսյանի խոսքով՝ եվրոպացի դիտորդները նույնպես հասկացան իրենց սխալը, ընդունեցին ժողովրդի հաղթանակը և երրորդ միջանկյալ զեկույցում փոխեցին գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ:

«Նկարչությամբ պետք է զբաղվեն միայն նկարիչները, ոչ թե ԿԸՀ-ն», – հայտարարել է Հովհաննիսյանը: