«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Սեդրակյանին:
Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Վարդան Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով:
Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նշենք, որ մահափորձ կատարելու կասկածանքով ԱԱԾ-ն փետրվարի 7-ին ձերբակալել էր Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին, ովքեր նախկինում աշխատել են Վարդան Սեդրակյանի մոտ՝ զբաղվել են բնակարանի վերանորոգմամբ: Համաձայն քննությունն իրականացնող մարմնի, Պողոսյանն ու Հարությունյանն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել: