ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հնարավոր է թանկ վճարի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ժամանակ հնչեցրած խոսքերի համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ մարտի 13-ին Գյումրիում կայանալիք նրա ջազային համերգի ժամանակ, պատգամավոր-երգչուհուն անակնկալ է սպասվում, հնարավոր է՝ «խիյարի» տեսքով:
«Հաղորդաշարի ժամանակ Պետրոսյանը, գյումրեցիներին նկատի ունենալով, ասել է, թե ազնիվ չէ՝ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի: Եվ հիմա Գյումրու մի խումբ բնակիչներ ինքնաբուխ ակցիայի են պատրաստվում, որում ընդգրկվել են հիմնականում նախագահական ընտրությունները բոյկոտող գյումրեցի ուսանողներ, ովքեր վերջին օրերին այլ ակցիաներ էին անում Հայաստանի երկրորդ քաղաքում», – նշում է թերթը:
Նրանցից մեկը` Արսեն Վարդանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, մասնավորապես, ասել է, որ Շուշան Պետրոսյանի եթերում հնչեցրած մտքերն անընդունելի են իրենց համար:
«Եթե Գյումրիում մարդիկ գումար են վերցրել, և իրենք գիտեն այդ ամենի մասին ու չեն ներկայացնում դատարան, զարմանալի է: Մենք վերջին երեք ընտրություններին չենք քվեարկել իշխանությունների օգտին», – ասել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ բոյկոտի ձևը դեռ հստակ ծրագրված չէ:
«Պաստառներ հաստատ կլինեն՝ կոչերով հանդերձ: ՄՆացածի մասին առայժմ չեմ կարող նշել, բայց միանշանակ է, որ լինելու է` սառը, կշռադատված վերաբերմունք, օճառներ ու «խիյարներ» էլ հնարավոր է նվիրենք, բայց դա հավանաբար կլինի այն դեպքում, երբ ամեն ինչ հասնի դրան, այսինքն՝ պաշտոնական ոչ մի արձագանք չլինի, քանի որ մամուլից տեղեկացել ենք, որ երգչուհին ասել է` լավ էլ կայանալու է համերգը», – ասել է Վարդանյանը:
Նրա խոսքով` միակ ելքն այն է, որ Շուշան Պետրոսյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի գյումրեցիներից:
Լուսանկարը՝ Blognews.am-ի