«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ:
Ինչպես նշված է Հովհաննիսյանի շտաբի տարածած հայտարարության մեջ, մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը և Լամմերթը քննարկել են փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված արտակարգ իրավիճակը:
«Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է, որ «ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի և ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիան ավտորիտարիզմը և կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժմանը և փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությանը»:
Լուսանկարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի