Ազատության հրապարակում ժամը 17:00-ին մեկնարկած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցավ դերասան Երվանդ Մանարյանը:
Իր ելույթը Մանարյանը սկսել է շնորհավորանքով:
«Մեզ՝ հայերիս համար հատկապես շատ նվիրական տոն է, որովհետև ես մեկն եմ այն տղամարդկանցից, ովքեր համոզված են, որ այս ժողովուրդն ապրում է կանանց շնորհիվ: Ես իմ քաղաքացիական կեցվածքը ստացել եմ իմ մորից, իսկ իմ զավակները ստանում են իրենց մորից: Հայ կինը մեր պատմության մեջ բացառիկ նշանակություն է ունեցել: Այսօր էլ նրանց ենք ապավինում: Սպասում ենք, որ կանայք պետք է առաջին շարքերում կանգնեն, մեզ ցույց տան՝ ինչպես դուրս գալ այս վիճակից: Որովհետև սա վիճակ չի, ախպեր: Այսպես չի լինի ապրել», – ասել է դերասանը:
Երվանդ Մանարյանն ասել է, որ հետընտրական հավաքներին միշտ ներկա է եղել, սակայն հարթակից առաջին անգամ է ելույթ ունենում:
«Այսօրվանից շատ բան եմ ակնկալում: Կանանցից շատ բան եմ ակնկալում: Տղամարդի՛կ, դժվար է դա խոստովանելը, բայց էդպես է: Մենք պետք է մեր կանանց կողքին կանգնած լինենք և կարողանանք այս վիճակից մեր զավակներին հանել», – ասել է Մանարյանը:
Իր ելույթի վերջում Երվանդ Մանարյանը հույս է հայտնել, որ «հաջորդ Մարտի 8-ին, տա Աստված, բոլորովին այլ հանգամանքներում կհանդիպենք»: