Մարտի 8-ին Հայաստանում կանայք սովորաբար շնորհավորանքնր, օծանելիք, ծաղիկներ են ստանում, ինչը երկար տարիների ավանդույթ է: Մի խումբ հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական ակտիվիստներ, սակայն, դիտում են մարտի 8-ը որպես կանանց խնդիրները հերթական անգամ բարձրաձայնելու, մարտի 8-ի իսկական խորհուրդը տարածելու հնարավորություն:
Մասնավորապես, 2009 թվականին մի խումբ կազմակերպություններ և անհատներ անցկացրեցին «կարմիր խնձորի» խորհրդանշական թաղումը, որն ուղղված էր Հայաստանում տարածում ունեցող՝ հարսանիքից հետո հարսի հորական տուն կարմիր խնձոր տանելու ավանդույթի դեմ: Այդ ավանդույթը, ըստ կազմակերպիչների, վիրավորում է կնոջը և ոտնահարում է կնոջ իրավունքները:
Երկու տարի առաջ «Կանանց ռեսուրսային կենտրոնը» Երևանում ակցիա էր կազմակերպել, որի նպատակն էր ծանոթացնել մարդկանց «ֆեմինիզմ» գաղափարի, կանանց իրավունքների, ինչպես նաև մարտի 8-ի իսկական խորհրդի հետ:
Նրանք Բաղրամյան պողոտայով, Ազատության հրապարակով, Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության Հրապարակ երթ են ացկացրել` մարդկանց փուչիկներ և ֆեմինիզմի մասին պատմող թերթիկներ բաժանելով:
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ իմանան, որ ֆեմինիզմը մայրիշխանությունը չէ. ֆեմինիզմը կանանց և տղամարդկանց իրավահավասարության գաղափարն է»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել էին երթի մասնակիցները:
Անցյալ տարի մարտի 8-ին մի խումբ աղջիկներ գրավել են Մաշտոցի պուրակի կիսակառույց տաղավարները, որոնց ապամոնտաժումը պահանջում էին բնապահպան ակտիվիստները:
Կանանց խնդիներով զբաղվող հասարակական կազմակերպությունները մշտապես նշում են, որ Հայաստանում կանանց իրավունքները հաճախ ոտնահարվում են:
Դրա մասին են վկայում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տրամադրած տվյալները, համաձայն որի կանայք Հայաստանում.
Ավելի քիչ են ծնվում՝ հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1400 աղջիկ:
Բռնություն՝ Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության:
Երեխաներ՝ շատ ուզում են, քիչ ունենում. եթե 1970-ականներին մեկ հայաստանցի կնոջը բաժին էր ընկնում միջինը երեք երեխա, ապա այժմ՝ ուղիղ կեսը կամ, այլ կերպ ասած, երկու կին են ունենում միջինը երեք երեխա: Բայց իդեալական համարում են մեկ կնոջ 2-3 երեխա ունենալը:
Անպտղություն՝ անպտղության ցուցանիշը Հայաստանի կանանց համար բարձր է՝ 16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց կնոջից մեկը չի կարողանում երեխա ունենալ:
Տունը՝ կանանց ուսերին՝ կանայք տնային տնտեսությանը և երեխաների խնամքին տրամադրում են մոտ 5 անգամ ավել ժամանակ, քան տղամարդիկ:
Աղքատություն՝ մեր երկրի ամեն երրորդ կին (34.5 տոկոսը) աղքատ է:
Հայաստանում կանայք նաև գնալով ավելի ուշ են ամուսնանում (եթե 2001թ. նրանց ամուսնական միջին տարիքը 22.8 էր, ապա 2011-ին՝ 25), ավելի շատ են կարդում (գրադարանների ընթերցողների մոտ երկու երրորդը կանայք և աղջիկներն են), ավելի երկար են ապրում (կանայք միջինը գրեթե յոթ տարի ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ՝ 77.5 և 70.7):
Կանանց խնդիրներով զբաղվող հկ-ներն ու անհատ ակտիվիստները մշտապես նշում են, որ մարտի 8-ի խորհուրդը կանանց օծանելիքներ և ծաղիկներ նվիրելը չէ:
1857 թվականի մարտի 8-ին Նյու-Յորքի աշխատավոր կանայք երթով անցել են Մանհեթենի փողոցներով ՝ դժգոհելով ցածր աշխատավարձների և աշխատանքի վատ պայմանների դեմ: «Դատարկ կաթսաների երթի» մասնակիցները նաև պահանջում էին կանանց համար հավասար իրավունքներ:
Այդ իրադարձությունը սկիզբ է դրել մի ավանդույթի, որը շարունակվում է մինչ օրս: Հենց մարտի 8-ն է ընտրվել որպես Կանանց միջազգային օր: Այս տոնը խորհրդանշում է ողջ աշխարհի կանանց միասնությունը սեփական իրավունքների համար պայքարում:
1910 թվականին Կոպենհագենում կայացել է Աշխատավոր կանանց երկրորդ միջազգային համաժողովը: Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջ է քաշել Կանանց միջազգային օրը տոնելու գաղափարը: Ցետկինը որպես տոնը նշելու նպատակ է ընդգծել կանանց պայքարը սեփական իրավունքների համար:
Այսօր տոնը նշվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից, իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում այն ազգային տոն է:
ԽՍՀՄ տարիներին տոնը հետզետե կորցրել է քաղաքական իմաստը և կապվածությունը խտրկանության դեմ կանանց պայքարի հետ: Դա երկրի քաղաքական իշխանության միտումնավոր գործունեության արդյունք էր. տարիների ընթացքում մարտի 8-ը սկսել է ընկալվել պարզապես որպես կանանց օր՝ կորցնելով նախնական իմաստը և ստանալով այն հնչեղությունը, որ ունի մինչ օրս:
Նշենք, որ 2013 թվականին, ՄԱԿ-ի որոշմամբ, մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նշանաբանի ներքո: