Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երեկվանից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, ասյօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր և իշխանությունների տարբերությունը նրանում է, որ վերջիններս խոսում են ուրիշ մարդկանց դիակների մասին, մինչդեռ ինքը խոսում է միայն իր մասին:
«Մնացած գործիչները՝ կեղծ իշխանավորները, խոսում են ուրիշների դիակների մասին՝ հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի զոհերի», – ասել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հրապարակում չպետք է լինի ոչ մի արցունք:
«Ով տխուր պիտի գա, տանը նստեք, հաղթահարեք, նոր եկեք հրապարակ», – նշել է ընդդիմության առաջնորդը:
Նա ասել է, որ երբ խոսում է կեղծված հնարավոր երդման և պղծված Ավետարանի մասին, ցանկանում է բացառել, որ Սերժ Սարսգյանը և Գարեգին Բ-ն թույլ կտան այդ պահը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնել է, որ բաց է հաղորդակցության բոլորի հետ՝ «ովքեր ինձ հարվածել են, պախարակել են, ընտանիքիս նեղել են»:
«Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որևէ առաջարկ, Ձեր նստավայրը կեղծում է, ստում է: Ձեզ հարմար օր և ժամ հրավիրում եմ մեր նստարանի վրա բաց կամ փակ քննարկման», – ասել է նա:
Մեկնաբանելով նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե «մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները», Հովհաննիսյանն ասել է, որ դե ֆակտոն գործող իշխանությունն է:
«Թող ոչ մեկը կոշտ միջոցների մասին չխոսի, եթե ինքը չունի տղամարդկություն՝ ընդունելու, որ գողացվեց ժողովրդի ձայնը: Թող ոչ մեկը Նժդեհ չմեջբերի, չխոսի Արցախի անվտանգության մասին: Դրանք կեղծ հղումներ են», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ անգամ ինքը նախագահական նստավայր կգնա որպես հայ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով այսօր իրեն այցելած ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանին և Գուրգեն Արսենյանին՝ Հովհաննիսյանն ասել է, որ Օսկանյանը որոշել է «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում չմանրամասնել հանդիպման ընթացքը: «Ես հարգում եմ որոշումը: Իսկ թե ինչ է նշանակում նրանց ներկայությունը, իրենց պետք է հարցնել», – ասել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը չի համաձայնել լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտնի:
«Ձեզ համար ակնհայտ էր, որ սրանք ոչ մրցակցային ընտրութուններ են: Մի ասեք, որ ակնհայտ է: Ինձ համար ակնհայտ չէ, վստահեցնում եմ, որ բեկումնային փոփոխություններ են լինելու մինչև ապրիլի 9-ը», – ասել է նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ այսօր ՌԴ կայանալիք այցին, Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն բարի ճանապարհ է մաղթել և հույս հայտնել, որ ՌԴ նախագահ Պուտինը կվերանայի իր շտապոողական նամակը և կկանգնի Հայաստանի ժողովրդի կողքին, թեև, Հովհաննիսյանի խոսքով, դրա համար «ինքն էլ պետք է լիներ ժողովրդավարական երկրի ղեկավար»:
Նշենք, որ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ժ.12-ին Ռուբեն Հակոբյանն Ազատության հրապարակում հանդես կգա մամուլի ասուլիսով, իսկ ժ.17.00-ին ասուլիս կտա Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ ուրբաթ՝ ժ.17.00-ին Ազատության հրապարակում կկայանա հերթական հանրահավաքը, որտեղ նա կխոսի ՍԴ-ի վճռի մասին, Երևանի ավագանու ընտրությունների մասին, ինչպես նաև կքննարկվի գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ ստեղծելու ծրագիրը: