Երեկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 12 ակտիվիստների գործերն այսօր հանձնելու են Սաբայիլի շրջանի դատարան: Մարտի 10-ին կազմակերպված բազմահազարանոց ցույցի մասնակիցները բողոքում էին բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի դեմ: 12 ակտիվիստները ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակից:
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, ևս 30 մարդու, այդ թվում՝ լրագրող Հադիջա Իսմաիլովային, ոստիկանության բաժանմունքից տարել են Բաքվից 60 կմ հեռավորության վրա գտնվող Գոբուստան և թողել են ամայի տարածքում:
Իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը, ով նույնպես բերման է ենթարկվել, հայտնել է, որ ևս 56 հոգու ոստիկանները տեղափոխել են Յասամալի շրջանային ոստիկանություն, որոնցից 54-ին հետագայում բաց են թողել առանց գրանցման: Եվս երկուսին ձերբակալել են և տեղափոխել են Սաբայիլի շրջանի ոստիկանություն:
Բողոքի ակցիան կազմակերպել է երիտասարդ ակտիվիստների մի խումբ Facebook սոցիալական ցանցի միջոցով: Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին՝ օգտագործելով ջրանետ սարքեր, աղմկահար նռնակներ և այլ հատուկ միջոցներ:
«Մուսավաթ» կուսակցության տեղեկատվության համաձայն, ձերբակալված անձանց ծեծի էին ենթարկում արդեն ոստիկանական մեքենաների մեջ: Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև զոհված զինծառայողներից մի քանիսի ծնողներին, որոնց քարշ էին տալիս ասֆալտով:
Ակցիան մոտ մեկ ժամ է տևել: Մարդիկ վանկարկում էին՝ «Հրաժարական», «Ոստիկանություն, մի տանջիր մարդկանց», «Չենք հեռանա»: