Մարտի 9-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.30-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 4 քաղաքացիներ վիճաբանել, հայհոյել և բռունցքներով հարվածներ են հասցրել միմյանց: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:
Քաղաքացիները բերման են ենթարկվել բաժին: Նրանցից երեքը՝ 21-ամյա Շահեն Գ.-ն, 25-ամյա Մարգար Ա.-ն և 44-ամյա Արտակ Ա.-ն, Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներ են, իսկ 33-ամյա Հայկ Հ.-ն Շահեն Գ.-ին դիմավորելու եկած ազգականն է: Ծեծկռտուքի պատճառները չեն նշվում:
Նշված 4 անձինք մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել և կատարում է հետաքննություն: