Ներկայումս շատ է խոսվում հացադուլի՝ որպես ծայրահեղ քայլի մասին, բայց հացադուլը հաց չուտելու գործընթաց չէ, դա քաղաքական գործընթաց է, և պետք է դիտարկել նրա քաղաքական բովանդակությունը: Մեկնաբանելով ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ հայտարարելու որոշումը՝ այս մասին Galatv.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ ցանկանում քննարկել նեղ հացադուլ քայլի բովանդակությունը, քաղաքական պրոցեսի բովանդակությունն է շատ կարևոր, որ նախագահի թեկնածուն ստացել է վստահության քվե, և նախագահի թեկնածուն պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով պահպանել վստահության քվեն, դա էլ այն է, ինչ նրան ձայն տված քաղաքացիները ակնկալում են»,- ասել է պատգամավորը:
Փաշինյանի խոսքով՝ առաջադրվելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քայլ արեց, որին ի պատասխան Հայաստանի քաղաքացիները պատասխանեցին, իսկ ներկայումս Րաֆֆի Հովհաննիսյանն անում է երկրորդ քայլը, որին նույնպես պիտի լինի պատասխան քայլ:
Հարցին, թե արդյոք վտանգ չկա, որ այս քաղաքական գործընթացը կարող է մտնել փակուղի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Դա կախված է հետագա բովանդակային զարգացումներից և, իմ գնահատմամբ, կա հավանականություն, որ այս քայլի զարգացումը փակուղի կտանի Սերժ Սարգսյանին»: Անդրադառնալով Ազգային համաձայնության վարչակարգի ստեղծմանը̀ Փաշինյանը նշել է, որ իր ասելիքն այս կապակցությամբ արդեն հրապարակել է այլընտրանքային կառավարության մասին իր առաջարկներում: