Ազատության հրապարակը մինչև ապրիլի 9-ը լինելու է «Ժառանգության» առաջնորդ, նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի վերջին հանգրվանը: Այս մասին Հովհաննիսյանն ասել է Eprees.am-ի թղթակցի հետ զրույցում՝ հավելելով, որ ապրիլի 9-ին «պիտի ունենանք նոր Հայաստանի երդմնակալությունը»:
«Երեկ գիշերը շատ լավ անցավ՝ արվեստագետներ, համաքաղաքացիներ, ջերմություն հրապարակում, և մեր պայքարը շարունակվում է: Կա գիտակցում բոլոր հայաստանցիների ու հայերի մոտ, մեր երիտասարդների մոտ հատկապես, սա անձերի համար պաքար չէ: Սա ոչ Սերժի պարտությունն է, ոչ էլ Րաֆֆիի հաղթանակը: Ժողովուրդն է որոշել, որ սա իր երկիրն է, իր հայրենիքն է ու ինքն է իր հայրենիքի տերը», – ասել է «Ժառանգության» առաջնորդը, ով մարտի 10-ին հացադուլ է հայտարարել:
Անդրադառնալով երկու տարի առաջ մարտին իրականացրած իր հացադուլին՝ Հովհաննիսյանն ասել է, որ այդ հացադուլը բողոք էր կուսակցապետության դեմ:
«Սյս անգամ արդեն վախադուլ է՝ մեր միջի վախը հանելու, սուտը մերժելու և դե յուրե նախագահություն գնալու համար, որ մենք չենք ունեցել 20 տարիների ընթացքում», -նշել է մեր զրուցակիցը:
Հովհաննիսյանը շեշտել է, որ փետրվարի 18-ին, երբ քիչ մարդ էր հավատում Հայաստանի ժողովրդին, ինքը հավատացել է և ժողովուրդն ասել է՝ «այո, ես հայրենիքի տերն եմ»:
«Դա ինձ մեծ ուժ է տալիս ոչ թե ավանդական հացադուլ անելու համար, այլ հացից ինքնազրկումով մտնել պայքարի վճռական ու վերջնական փուլ», – ասել է Հովհաննիսյանը:
Еpress.am-ի թղթակցի այն հարցին՝ ինչպես կմեկնաբանի ՀՀՇ-ի վերջին համագումարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն միտքը՝ «եթե իմանամ, որ կա մեր կարիքը, մենք միշտ կլինենք ժողովրդի կողքին՝ հրապարակում», Հովհաննիսյանը պատախանել է.
«Մարդիկ երկու ամիս առաջ չպատկերացրեցին, որ հայ ժողովուրդը ընտրական մասնակցությամբ կարող է երկիր փոխել: Հիմա այդ մարդիկ, որ գնահատում են իրավիճակը… ողջունելի է, որ վերանայել են իրենց մոտեցումները: Պարզապես ժամն է՝ խոսքից գործի անցնելու, ով պատրաստ է, թող գա և ժողովրդի կողքին կանգնի: Թող կուսակցաճառեր չտան: Բոլորը տեղ ունեն, բայց ոչ թե պետք է սպասարկեն այս կամ այն շահը, այլ պիտի գան և իսկապես ժողովրդի կողքին լինեն»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հացադուլը կդադարեցնի միայն Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի կամ դատարանի որոշման դեպքում:
Երեկվանից Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հացադուլ են հայտարարել «Ժառանգության» 4 համակիրներ, ևս 25-ը նստացույցով են միացել Հովհաննիսյանին:
«Ես, ճիշտն ասած, հացադուլի մեջ մտել եմ ինքս՝ սեփական կամքով և ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորով: Կարծում եմ՝ սա այն պահն է, երբ ամեն քաղաքացի պետք է գա ու ցույց տա իր կամքը ու միայն հույսը դնել ու ամբողջ բեռը գցել նրա վրա: Ես հոգնել եմ կողքից ծափահարող լինելուց, դրա համար էլ միացել եմ հացադուլին» – ասել է հացադուլ հայտարարած 4 ակտիվիստներից մեկը՝ բլոգեր Բայանդուր Պողոսյանը: