Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում «Ժառանգության» պատգամաբոր Ռուբեն Հակոբյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել «թուրք» բառն օգտագործելով:
Մամուլում վերջին օրերին շահարկվում էր Հակոբյանի այն արտահայտությունը, թե հայ ժողովրդի ձայնը խեղդել են ներքին թշնամիները այնպես, ինչպես ժամանակին թուրքերն էին անում: Երեկ այս արտահայտությանն անդրադարձել էր նաև «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հակոբյանի հայտարարությունը դուրս են հանել համատեքստից:
Այսօր Ռուբեն Հակոբյանն ասել է, որ իրեն վերագրվող արտահայտությունները ապատեղեկատվություն են:
«Ինչ եմ ասել ես: Երբ տեսել եմ, որ ժողովուրդը վախեցած մեզ է նայում, ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր կեղծել են ընտրությունները, ովքեր ահաբեկում են ժողովրդին, թույլ չեն տալիս, որ մասնակցեն հանրահավաքներին, դրանք մեր ներսի թուրքերն են», – ասել է պատգամավորը ու հավելել, որ իր խոսքերում ռասիստական ոչինչ չկա, պարզապես թուրքը «պատմականորեն մարմնավորում է մեր թշնամուն»:
Հիշեցնենք, որ Մարտունիում մարտի 9-ին կայացած հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո նրան մոտեցել էր մի տղամարդ և հայտարարել է, որ Մարտունիում թուրք չկա:
«Գնա Ազգային Ժողով, հարցրու՝ Ալիևը ով ա»,- ասել էր տղամարդը ու սկսել էր հայհոյել: Հավաքվածներից մի քանիսը միջամտել են, և վեճը վերածվել էր հրմշտոցի, տղամարդուն հեռացրել են:
Րաֆֆի Հովհաննիսյանը, վերցնելով բարձրախոսը, պատասխանել էր՝ «Դուք ուղարկված պրովոկատոր եք: Գործ չունեք այստեղ: Ինքն էլ իրավունքն ունի իր խոսքը ասելու, բայց քանի որ ինքը սադրիչ է, ես պետք է պատասխանեմ»: