Այսօր Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի վերաբերյալ իր բացատրությունները: ԿԸՀ նախագահն ասել է, որ բերված 16 էջանոց բողոքի 5 էջը ոչ թե ապացույց էր, այլ մեջբերումներ Սահմանադրությունից և ընտրական օրենսգրքից, իսկ մնացած մասը հախուռն կերպով ներկայացված ապացույցներ էին, որոնց տրվել էր սուբյեկտիվ գնահատական:
Մուկուչյանը, մասնավորապես, հերքել է ԶԼՄ-ների աշխատանքի կողմնակալության մասին վիճարկումը: Նա ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ եթերաժամանակ է ստացել՝ 7079 րոպե, մինչդեռ Սերժ Սարգսյանը՝ 5476 րոպե:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ թանաքանյութի հետ խնդիր այս ընտրություններին չի գրանցվել:
«Մենք 19 օրվա ընթացքում թանաքանյութի փորձարկում ենք անցկացրել: Իհարկե, որոշ ԶԼՄ-ներ քարոզչություն սկսեցին այդ թեմայով, բայց մեր ստուգումներից և թանաքի օգտագործման ուսուցողական դասընթացներից հետո քիչ հավանական ենք համարում թանակի ցնդելը, եթե դա չփորձեն անել սպիրտով կամ սղոցաքարով»,- ասել է Մուկուչյանը:
Մուկուչյանը նշել է, որ վերահաշվարի ընդամենը 10 դիմում է ստացել, և «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի անդամները չեն բողոքել: Բանախոսն անհիմն է համարել հայցվոր կողմի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությունն այն մասին, թե նշանակվելու պահից հանձնաժողովի անդամներն անկախ են և այդ պաշտոնի սահմանված գործառույթները պետք է պաշտպանեն, այլ ոչ թե կուսակցության:
«Միայն Կենտրոնական և տեղական հանձնաժողովի անդամներն են, որ չեն կարող կուսակցական լինել: Մարդը չի կարող անկախ լինել իրեն նշանակողից»,- ասել է Մուկուչյանը: