Ազատության հրապարակում հացադուլ անող ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր այսօրվա բաց ասուլիսը սկսել է գրող Եղիշե Չարենցի 116-րդ տարեդարձը շնորհավորելով:
Հովհաննիսյանի խոսքով՝ հայ ժողովուրդը փետրվարի 18-ին ի կատար ածեց Չարենցի գլխավոր պատգամը՝ «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Լրագրողների խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանն այնուհետև անդրադարձել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա այցին:
«Մենք առաձնացանք Ազատության հրապարակում, քննարկեցինք ստեղծված իրավիճակը, նա հետաքրքրվեց իմ առողջությամբ, ցանկացավ, որ մենք այլ եղանակով շարունակենք պայքարը», – ասել է ընդդիմության առաջնորդը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնել ոստիկանապետին և շարքային ոստիկաններին իրենց ծառայության համար և կրկնել, որ ժողովուրդը բաց է ցանկացած քննարկման, բայց պատրաստ չէ զիջելու իր իրավունքներն ու նվաճած հաղթանակը:
«Եթե որևէ սրացում է լինելու, լինելու է դիմացից», – ասել է Հովհաննիսյանը:
Խոսելով քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների կամ շարքային քաղաքացիների առաջարկների, մասնավորապես, Facebook-ում տարածված Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ստորագրահավաքի մասին՝ ընդդիմության առաջնորդն ասել է, որ նման նախաձեռնությունները իր «դաբրոյի» կարիքը չունեն: Հովհաննիսյանի խոսքով՝ ստորագրահավաքն ընդամենը օժանդակ նախաձեռնություն է:
Հերթական անգամ հնչած հարցին՝ ինչ է անելու, եթե մինչև ապրիլի 9-ը իշխանությունները զիջման չգնան, «Ժառանգության» ղեկավարը պատասխանել է.
«Ապրիլի 9-ին կասեմ՝ ինչ եմ անելու, և հայ ժողովուրդը ինքը կորոշի՝ ինչ է անելու: Լինելու է նոր Հայաստանի երդմնակալություն»: