ՀՀ Կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալներից ակնհայտ է դառնում, որ դրամի փլուզումը կանխվում է մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ Հայաստանում դոլարի նկատմամբ պահանջարկն աճում է:
«Խնդիրն այն է, որ անցած շաբաթ, ըստ պաշտոնական տվյալների, ֆոնդային բորսայում իրականացել է մոտ 25 միլիոն դոլարի գործարք, որից միայն 21.5 միլիոն դոլարը Կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է: Ֆինանսական շուկայում որպես դոլար վաճառող հանդես է գալիս հիմնականում Կենտրոնական բանկը, որը շուկայի պահանջարկը լրացնելու և դրամի «կայունություն» ապահովելու նպատակով վաճառքի է հանում մեր արտաքին պահուստներում եղած արտարժույթը: Երեկ օրվա երկրորդ կեսին բանկերը մեկ դոլարի առքի գինն արդեն հասցրել էին մոտ 413.75 դրամի, բայց օրվա վերջին՝ առքի գինը մի փոքր նվազել է: Վաճառքի գինը երեկ երեկոյան 414-415 դրամ էր: Ընդամենը մեկ ամիս առաջ մեկ դոլարի առքի գինը 406 դրամ էր: Այլ կերպ ասած՝ միայն մեկ ամսվա ընթացքում դրամը արժեզրկվել է մոտ 2 տոկոսով: Արժեզրկման նման տեմպի դեպքում առաջիկայում ականատես կլինենք ապրանքների զգալի թանկացման»,- նշում է թերթը: