Ապրիլի 9-ին երդմնակալություն կլինի, իսկ թե ում երդմնակալությունը` կտեսնենք: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացի իմաստն այն է, որ պետք է մտքեր ու առաջարկներ հնչեն:
ՀԱԿ պատգամավորը չի համաձայնել լրագրողի այն դիտարկման հետ, թե այլընտրանքային կառավարություն ստեղծելու իր առաջարկն այլևս իրականություն չի դառնա: Նա վերահաստատել է իր կարծիքն առ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ձևավորի նոր իշխանություն, իսկ թե դրանում ովքեր ընդգրկված կլինեն՝ դա Հովհաննիսյանի, քաղաքական ու քաղաքացիական ուժերի և ժողովրդի որոշման հարցն է:
«Ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կանեն իշխանությունները, շատ ավելի կարևոր է, թե ինչ կանի Ազատության հրապարակը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին և քաղաքացիների վստահության քվեն ստացած թեկնածուն», – ասել է Փաշինյանը: