Որքան էլ հասարակության մի մասն այդպես դիտարկի, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը հուսահատության քայլ չէ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Հացադուլ անում են ուժեղ մարդիկ, ովքեր մինչև վերջ գիտակցում են իրենց քայլերի հետևանքները», – հայտարարել է Սաֆարյանը:
Նա կարծիք է հայտնել, որ այս պահին հասարակությունը գործում է ընդվզման նոն-ստոպ ռեժիմով:
«Մարդիկ գալիս-գնում են, նույն պատկերն է, ինչպես փետրվարի 18-ի քվեակության ժամանակ էր: Դուք տեսնում եք մի հոսանք, որը գալիս, շրջում է հրապարակով, իսկ դրա արդյունքները, եթե այսօր տեսանելի չեն մեզ կամ քաղաքական գործիչներին, սա դեռ չի նշանակում, որ դա որևէ հետևանք չի բերելու», – ասել է Սաֆարյանը:
Նա անդրադարձել է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի՝ Ազատության հրապարակ կատարած այցին՝ նշելով, որ դա քաղաքավարության այց էր և լուրջ քաղաքական խնդիրներ քննարկելու նպատակ չէր հետապնդում: