Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգության» ղեկավար, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը:
Կողմերը քննարկել են մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցերը, լսել են Րաֆֆի Հովհաննիսյանի լուծումները: Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը aravot.am-ի հետ զրույցում այցը «քաղաքավարության այց» է որակել:
Նրա խոսքերով՝ կոնգրեսականները հետաքրքրվել են պարոն Հովհաննիսյանի առողջությամբ. «Իրենց հետաքրքրում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է տեսնում, ոնց է տեսնում: Նա ասաց այն, ինչ բազմիցս կրկնել է, դուք գիտեք: Պարոն Հովհաննիսյանը փորձեց հետաքրքրվել նրանց դիրքորոշմամբ, թե իրենք ինչ լուծում են տեսնում: Ասել, որ նրանք առաջարկեցին այդպես լուծումներ՝ ոչ: Թեթևակի զրույց եղավ առաջիկա սպավող զարգացումների մասին, չշրջանցվեց նաև քաղաքապետի և Երևանի ավագանու ընտրություների թեման: Շատ մակերեսային զրույց եղավ»:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հովհաննիսյանին էր այցելել ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: