Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի փաստաթղթային ստուգումների արդյունքում՝ միայն 440 միլիոն դրամի կեղծ ասֆալտապատման մասին վկայող փաստաթղթեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իրավապահ ոլորտի իր աղբյուրներին:
Գյումրիի քաղաքապետարանում ստուգումները սկսվել են անցյալ տարվա վերջին Ֆինանսների նախարարության կողմից, ապա ստուգումների արդյունքներն ուղարկվել ոստիկանություն:
Շաբաթներ առաջ ՀՀ ոստիկանությունից «ՀԺ»-ին հայտնել էին, որ ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն: Երեկ թերթի թղթակիցը պարզել է, որ 440 միլիոն դրամի կեղծ ասֆալտապատման փաստաթղթերը ներառված են նույն քրգործում:
«ՀԺ»-ն նշում է, որ դեռ պարզ չէ՝ Վարդան Ղուկասյանը քրգործում որպես կասկածյալ կներգրավվի՞, թե ոչ:
«Համապատասխան մարմինները ոչ պաշտոնապես հաստատեցին ընդամենը, որ մի քանի հարույր միլիոն դրամի չարաշահման մասին է խոսքը՝ ոչ միայն Գյումրիի ասֆալտապատման, այլ նաև աղբահանության և այլ ոլորտներում», – եզրափակում է թերթը: