Սահմանադրական դատարանը չհանձնեց իր քննությունը և հերթական անգամ գործադիրի կցորդը դարձավ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ի՝ ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքներն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշումը:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք դիմել են ՍԴ ոչ թե պատրանք տածելով, այլ վերջին շանսը տալով՝ կոչելու իսկապես Սահմանադրական դատարան, գրանցել ժողովրդի հաղթանակը և նվազագույնը պարտադրել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ կազմակերպել:
Ինչ վերաբերում է վճռական պայքարի դիմելու և իշխանությունը վերցնելու կոչերին, «Ժառանգության» ղեկավարն ասել է, որ իր քայլերն արդեն վճռական են, և ժողովուրդը պայքարի մեջ է:
Մեկնաբանելով ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի՝ ընտրությունների վերաբերյալ խոսքերը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պարոն Մարտենսը սխալվել է, քանի որ իր կարծիքը հիմնել է ստի և կեղծիքի վրա, որն իրեն տրամադրել է ՀՀԿ-ն:
Հովհաննիսյանի խոսքով՝ «Ժառանգությունը» կվերանայի իր անդամակցությունը ԵԺԿ-ին:
«Եթե սա է Եվրոպան, ապա Հայաստանը կապ պետք է չունենա դրա հետ», – ասել է նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձել է նաև Մայր Աթոռի՝ հացադուլը դադարեցնելու կոչին՝ հիշեցնելով, որ սա հացադուլ կամ ծոմ չէ, այլ ինքնամաքրման, պայքարի ձև:
«Ես իմ տեսակետը արտահայտեցի եկեղեցի-պետություն խեղված կապի մասին: Ասացի՝ ինչ կլինի, եթե ապրիլի 9-ին կայանա երդմնակալություն, ժողովուրդն իր պատասխանը կտա: Եթե Մայր եկեղեցին գտնում է, որ ես արժանի չեմ այնտեղ թաղվելու, ուրեմն թող Վեհափառն այդպես որոշի, այսուհետ ես մեկնաբանելու եմ միայն երկու մարդու՝ Սերժ Սարգսյանի և Վեհափառի խոսքերը»,- ասել է Հովհաննիսյանը: