Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է համարում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը: Այս մասին ասված է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի՝ հետընտրական զարգացումներ առնչությամբ տարածած հայտարարության մեջ:
Մայր Աթոռը բարձր է գնահատում ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը «ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման»:
«Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի և կոչ ուղղում առաջնորդվել եղբայրսիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից:
Հորդորում ենք նաև Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է», – ասված է հայտարարության մեջ: