Իշխանության վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկը վերաբերում է նոր կառավարության ղեկավարին ու կազմին, որը նշանակվելու է ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո, գրում է «168 ժամ» պարբերականը:
Թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին հայտնում է, որ ապագա վարչապետի ամենահավանական թեկնածու է համարվում «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
«Նոր կառավարությունում լինելու են ոչ միայն նոր նշանակումներ, այլ նաև փոխատեղումներ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ Պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում: Գործող կառավարության կազմից հեռացողների թվում է լինելու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում փոխարեն իշխանական վերնախավում ցանկանում են տեսնել ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին:
Նույն տեղեկությունների համաձայն, պաշտոնին հրաժեշտ է տալու նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դեռևս հայտնի չէ սակայն, թե ով է զբաղեցնելու Կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Անհայտ է նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագիրը: Տևական ժամանակ խոսվում էր, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նա կարող է վերադառնալ նախկին՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին: Սակայն Տիգրան Սարգսյանն ինքը հասկացրել է, որ նման մտադրություն չունի», – գրում է «168 ժամ»-ը: