Այսօր Ազատության հրապարակում մեկնարկել է Քաղաքացիական խորհրդի քննարկումների շարքը, որը հիմնականում նվիրված է լինելու այլընտրանքային կամ ստվերային կառավարության ձևավորմանը:
Ինչպես ուրբաթ կայացած հանրահավաքին հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, շարքի առաջին հանդիպումը վարում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Թեև ժամը 17:00-ի դրությամբ, երբ պետք է մեկնակեր հանդիպումը, Երևանում ուժեղ անձրև էր տեղում, Ազատության հրապարակ քննարկմանը մասնակցելու էր եկել ավելի քան 100 մարդ:
Իր ելույթի մեկնարկին Փաշինյանն ասել է, որ քննարկումը նման է միասին բարձրաձայն մտածելուն, մտորելուն այն հարցի շուրջ, թե ովքեր կարող են լինել նոր կառավարության կազմում: Քաղաքական գործիչը հավելել է նաև, որ Ազատության հրապարակում հնչեցված անուններից ընտրություն անելու և այս կամ այն մարդուն որևէ ոլորտում պարտավորություն վստահելու իրավունք ունի միայն ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ Փաշինյանի՝ քննարկումների նպատակը պետք է լինի յուրօրինակ կադրային բանկի ստեղծումը, որտեղ ընդգրկված կլինեն նախկնում չվարկաբեկված մարդիկ:
Բանախոսը կարծիք է հայտնել, որ պետք է ցույց տալ մեկ այլ կառավարության կազմ, որի արդյունքում ակնհայտ կդառնա դրա տարբերությունը գործող կառավարությունից:
Փաշինյանի հետ միասին հանդիպումը վարող արևելագետ Արայիկ Հարությունյանը նկատել է, որ թեև ստվերային կառավարություն կա շատ երկրներում, սակայն Հայաստանի դեպքում խոսքը ավելի շատ ապագա կառավարության մասին է:
Ինքը՝ Փաշինյանը, հնչեցրել է մի քանի առաջարկներ՝ հավելելով, որ անգամ իր առաջարկում ընդգրկված մարդկանց հետ չի խորհրդակցել:
Ըստ բանախոսի՝ հետևյալ մարդիկ կառավարությունում աշխատելու ներուժ ունեն. Գյումրիից՝ Լևոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Վահան Խաչատրյան, Վանաձորից՝ Արթուր Սաքունց, ինչպես նաև նախկին դատավոր Պարգև Օհանյան, Աշոտ Բլեյան, Սամվել Կարապետյան, Արտակ Զեյնալյան, Կարինե Խոդիկյան, Խաչատուր Սուքիասյան, Վաղարշակ Հարությունյան, Լիլիթ Գալստյան, Դավիթ Սանասարյան, Հակոբ Բադալյան, Վահե Գրիգորյան, Մուշեղ Շուշանյան: Փաշինյանի խոսքով` ինքը չի հնչեցնում «Ժառանգության» անդամների անունները, քանի որ նրանց ներկայությունը կառավարությունում առանց այդ էլ ենթադրվում է:
Նշենք, որ հավաքվածները անուններ ևս հնչեցրել են, օրինակ՝ Լարիսա Ալավեդրյանի, Հրանտ Բագրատյանի, Լևոն Զուրաբյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեքսանդր Արզումանյանի անունները:
Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է նաև ընդհանուր քաղաքական վիճակին՝ նշելով, որ փետրվարի 18-ից հետո Հայաստանում համակարգային լուրջ փոփոխություն է տեղի ունեցել:
Նա անդրադարձել է նաև ԼՂՀ անվտանգության մասին հնչեցվող մտագություններին, որոնք որոշ վերլուծաբաններ կապում են Ազատության հրապարակի ակտիվության հետ:
Փաշինյանի խոսքով՝ ԼՂՀ-ն ունի ընտրված նախագահ, և մարտունակ բանակ, հայ-ադրբեջանական հակամարտության գոտու հսկայական հատվածը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից, և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները որևէ կապ չունեն և չեն կարող ունենալ ԼՂՀ պաշտպանողունակության հետ:
Այնուամենայնիվ, Փաշինյանն առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանին հավելյալ ցնցումներից խուսափելու համար մեծ կադրային փոփոխություններ չանել Պաշտպանության նախարարությունում և նախարար նշանակել փոխնախարարներից մեկին: