Այսօր Ազատության հրապարակում կայացել է Քաղաքացիական խորհրդի քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը, որը վարում էին նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը և ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Ղուկասյանն ասել է, որ իսկական ընտրությունները սկսվում են հիմա, և ապրիլի 9-ին պետք է որոշել՝ ում ենթարկվել:
«Այդ օրը սկսվելու է մի նոր անցումային ժամանակաշրջան, որը քաղաքացիական անհնազանդություն հայտարարած հասարակությունը պետք է անցնի մինչև նոր ընտրություններ»,- ասել է Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է անցնի ուղիղ իշխանություն իրականացնելուն: Դա անելու համար, ըստ Ղուկասյանի, Ազատության հրապարակում պետք է ստեղծվի անցումային կառավարությունը, որը կիրագործի ժողովրդի իշխանությունը մինչև հաջորդ ընտրությունները: Ժողովրդի իշխանությունը խաղաղ ճանապարհով չվերականգնելու դեպքում՝ ժողովուրդը իրավունք կունենա զինված ապստաբմություն սկսելու: Ըստ Ղուկասյանի՝ ժողովուրդը դա կարող է անել այն դեպքում, եթե իշխանությունները ուժ կիրառեն:
Ղուկասյանն ասել է, որ երթեր, ցույցեր անցկացնելով և այլ միջոցներով պետք է ճնշում գործադրել բոլոր քաղաքկան ուժերի վրա, որպեսզի նրանք գան և ապրիլի 9-ին հրապարակում լինեն:
«Ժողովուրդը պետք է իրենց առջև դնի այդ ուլտիմատումը: Պետք է ասի՝ այն բոլոր ուժերը, որոնք հայտարարել են, որ ժողովրդի հետ են, պետք է հրապարակ գան»,-ասել է Ղուկասյանը:
Հրապարակում հնչած հարցին, թե ինչպես է իրականացվելու քաղաքացիական անհնազանդությունը, Ղուկասյանը պատասխանել է, որ որպես տարբերակ կարելի է դիտարկել քաղաքացիների միասնական որոշումը հարկ չվճարելու մասին: Նրա խոսքով՝ անհնազանդություն է նաև աշխատանքի չգնալը, ինչին հավաքվածներից մեկն արձագանքել է՝ «աշխատանք ունե՞նք, որ չգնանք»:
Անդրիաս Ղուկասյանից նաև հարցրել են՝ հարկ չվճարելու դեպքում ինչպե՞ս են խուսափելու պատասխանատվությունից: Բանախոսը պատասխանել է, որ մինչև ապրլի 9-ը պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք մարդկանց մոբիլիզացնելու համար հնարավորություն կտան, և այդ դեպքում հարկերը չվճարելու որոշման պատասխանատությունը կլինի բոլորինը: