Ամերիկայի Միացյալ Նահանգները գլխավորում են զենք արտահանող առաջատար երկրների ցուցակը: 2008 թվականից 2012 թվականն ընկած ժամանակահատվածում աշխարհում վաճառված զենքի 30 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին: Այս մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) կողմից մարտի 18-ին հրապարակած զեկույցում:
SIPRI-ի տվյալների համաձայն, երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանը՝ 26 տոկոս, երրորդը՝ Գերմանիան (7%), Ֆրանսիան (6%) և Չինաստանը (5%):
Նշենք, որ Չինաստանն առաջին անգամ է հայտնվել հնգյակում վերջին 50 տարվա ընթացքում՝ սառը պատերազմի տարիներից հետո: Չինաստանը հնգյակից դուրս է մղել Մեծ Բրիտանիային, որը մշտապես զենք արտահանող առաջատար 5 երկրների ցուցակում է եղել 1950-ականներից ի վեր:
Չինաստանը երկրորդն է ամենից շատ զենք ներկրողների ցուցակում՝ 6%: Այս երկիրը զիջում է միայն Հնդկաստանին, որը զենքի ներկրկման համաշխարհային առաջատարն է՝ 12%: Առաջին հնգյակում են ևս երեք ասիական երկրներ՝ Պակիստանը (5%), Հարավային Կորեան (5%) և Սինգապուրը (4%):
Ինչպես նշում են SIRPI-ի փորձագետները, 2008-12 թվականներին նախորդ հնգամյակի համեմատ զենքի ներկրման 21 տոկոսանոց աճ է գրանցվել նաև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, սակայն այդ աճը մեկ երկիր է ապահովել՝ Ադրբեջանը:
Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը 155 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը՝ ներկրման առաջատարների ցուցակում բարձրանալով 13 հորիզոնականով՝ 48-ից 35: SIRPI-ի մասնագետները նշում են, որ դա կապված է չլուծված ղարաբաղյան հակամարտության հետ:
Նշենք, որ ապրիլի 15-ին SIRPI-ն ներկայացնելու է զենքի առևտրի բնագավառում երկրների կողմից արված ֆինանսական ծախսերի ցուցակը: