Պաշտոնական Բրյուսելը կրկին զգուշացնում է Հայաաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փաստել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը:
«Եվրամիությունը չի կարող խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Այս երկուսի միջև ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլև` Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք ևս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտուն», – ասել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը:
Բրոկն ասել է, որ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, միանա Մաքասյին միությանը, ապա նրա հետ ԵՄ-ն կունենա այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունի Ռուսատանի հետ: