Հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։ Այս մասին ասված է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
Կայքի հաղորդմամբ՝ մինչև այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին։
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա։
Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այսուհետև ևս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում նրան կցուցաբերվի մասնագիտական օգնություն։
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել մարտի 10-ին: