Այսօր Ազգային ժողովում վիճաբանել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Փաշինյանն անդրադարձել է ԿԸՀ նախագահի երեկվա հայտարարությանը, համաձայն որի ԿԸՀ-ն չէր կարող վաղօրոք պայքարել որոշ ընտրախախտումների դեմ, քանի որ ընտրություններից երեք ամիս առաջ չէր կարող իմանալ, որ դրանք լինելու են: Մուկուչյանը որպես օրինակ է բերել սպանությունը կանխելը՝ նշելով, որ երեք ամիս առաջ հնարավոր չէ ասել, որ սպանություն է տեղի ունենալու:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սպանությունը հնարավոր է կանխել, եթե գիտես, որ կա մարդասպան, ով սովորություն ունի երեք ամիսը մեկ մարդ սպանել: Պատգամավորի խոսքով՝ ինքը կարող է վստահ ասել, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները նույնպես կեղծիքներով են անցնելու, ինչպես դա եղել է 2013-ի նախագահական և 2012-ի խորհրդարանական ընտրությունների պարագայում:
Փաշինյանը մեջբերել է 2012-ի խորհրդարանական ընտրություններին վերաբերող ԿԸՀ-ի արձանագրությունը, որում նշված է, թե խախտումները էական ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքերի վրա: ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ այդ հանցանքի հեղինակը անձամբ Տիգրան Մուկուչյանն է:
ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ իր դաստիարակությունը թույլ չի տալիս, որ ինքը ազագային ժողովում ոչ պարկեշտ պատասխան տա պատգամավորին:
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում Փաշինյանը կարող էր դատարան դիմել օրենքով սահմանված կարգով:
Մուկուչյանը հիշեցրել է, որ այդ ընտրությունների մասին գոյություն ունի Սահմանդրական դատարանի տարեկան վերջնական դատական ակտ, իսկ դատարանի որոշումները քննարկման ենթակա չեն:
«Եթե երեք ամիս առաջ կուսակցությունները չեն որոշել՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ, նշանակելու են հանձնաշժողվների անդամներ, թե ոչ, ես չեմ կարող նախապես մտածել, թե այդ մարդիկ հանցագործ են: Ես պետք է հարգանք տածեմ նրանց հանդեպ», – ասել է Մուկուչյանը:
Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Մուկուչյանին՝ ասելով՝ «եթե Ձեզ թվում է, որ շուտասելուկով կարող եք տպավորություն թողնել, ապա սխալվում ենք»:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը նշել է նաև, որ Մուկուչյանի դաստիարակությունը թույլ է տալիս ԱԺ-ում ստել և խաբել մի ողջ ժողովրդի:
Փաշինյանը հիշեցրել է, որ մամուլում հրապարակումներ են եղել, թե մի բնակարանում 100 մարդ է գրացնված եղել, սակայն այդ փաստով էլ ԿԸՀ-ն չի հետաքրքրվել:
Քաղաքական գործիչը Մուկուչյանին հրավիրել է բանավեճի, թեկուզ ուղիղ եթերում, որտեղ պատրաստակամություն է հայտնել ապացուցել, որ ԿԸՀ նախագահը ստում է, սակայն ԿԸՀ նախագահը հրաժարվել է՝ նշելով, որ իրեն հայտնի են Փաշինյանի դիրքորոշումը և կարծրատիպերը:
Նիկոլ Փաշինյանը վիճաբանել է նաև Հովիկ Աբրահամյանի հետ՝ նշելով, որ ԱԺ նախագահը խախտում է ԱԺ կանոնակարգ-օրենքը՝ իրեն ձայն չտրամադրելով, և Աբրահամյանին էլ հրավիրել է բանավեճի:
«Դուք ձեզ դրել եք երկրի միահեծան ղեկավարի տեղը ու բոլորին հրավիրում եք «նա կովյոռ»», – ասել է Աբրահամյանը և անջատել Փաշինյանի խոսափողը: