Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուտ է, որ ես ասել եմ, որ չեմ հաղթել». Րաֆֆի Հովհաննիսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուտ է, որ ես ասել եմ, որ չեմ հաղթել». Րաֆֆի Հովհաննիսյան

«Սուտ է այդ նախադասությունը, որ ես ասել եմ, որ ես չեմ հաղթել», – այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ երեկ արած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը հարցրել էր զրուցակցին՝ արդյո՞ք կարծում է, որ հաղթել է ընտրություններում, և ստացել է բացասական պատասխան:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանը խեղաթյուրել է իր խոսքը:

«Ես ասել եմ հետևյալը. ասել եմ, որ կեղծված ընտրություններ են, համատարած կեղծքի է եղել, և դուք լավ գիտեք: Ձեր թվաբանությունը իրականությանը չի համապատասպանում: Եվ դրա համար առաջարկում եմ, որ բացեք՝ ձեր լիազորություններով, բոլոր ընտրատուփերը՝ 1900 և ավելի ընտրատեղամաերում, և տեսնենք, թե լցոնումներով հանդերձ՝ որն է իրական արդյունքը: Բայց որպեսզի այս զրույցը լինի փոխադարձ հարգանքի և ոչ թե հռետորաբանության շրջանակներում, ասացի՝ վերանանք 59 տոկոսներից և մյուս սուտ տոկոսից: Ասացի՝ Դուք ժամանակից շուտ ընդունեցիք շնորհավորանք: Չգիտեմ՝ շամպայն խմեցիք, թե չէ: Ինքն ինձ ուղղեց, որ այս անգամ շամպայն չի խմել: Ես էլ ընդունեցի սխալս, եթե այդպես է, ու ասացի, որ, միգուցե, իմն էլ չափազանցություն է, որ ասացի, որ հաղթել եմ 80 տոկոսով», – պատմել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ զրույցից հետո ինքը ներկայացրել է իր առաջարկները, որոնք մերժվել են: