«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չի ցանկացել գնահատական տալ «Էմփիրեյ» խմբի որոշմանը` չմասնակցել մարտի 23-ին Ազատության հրապարակի ռոք-համերգին: Այսօր Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Խուրշուդյանն ընդգծել է, որ նախնական պայմանավորվածություն խմբի հետ եղել է, և խորհուրդ է տվել այդ հարցով դիմել «Էմփիրեյի» ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ aravot.am-ի հետ զրույցում խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը հայտարարել էր, որ խմբի անդամները համերգին մասնակցելու նպատակահարմարության հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել, այդ պատճառով էլ որոշել են ընդհանրապես չմասնակցել: Մանուկյանը նշել է, որ, բացի ստեղծագործական տարաձայնություններից, խմբի մասնակցության հարցում առաջացել են տեխնիկական խնդիրներ ևս, ինչը դարձել է համերգից հրաժարվելու պատճառներից մեկը:
Խուրշուդյանը նշել է, որ եթե խոսքը հավանական քաղաքական պատճառի մասին է, ապա իրենք այդ առումով որևէ բացատրություն խմբից չեն ստացել:
«Եթե զուտ տեխնիկական էր պատճառը, և իրենք համարում են, որ դա արժանահավատ հիմնավորում է, ուրեմն խնդիր չկա», – ասել է Խուրշուդյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե «Ժառանգությունն» արդյոք արժանահավա՞տ է համարում խմբի բացատրությունը, Խուրշուդյանը կրկին անգամ նշել է, որ չի ցանկանում գնահատական տալ:
«Ստեղծագործական խումբ է, ուրեմն ինքը պետք է որոշի նման հարցերը, եթե ուզենա, նաև կարտահայտվի այդ մասին», – եզրափակել է Խուրշուդյանը:
Լուսանկարը՝ empyray.am