Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնական քաղաքական պայքարին զուգահեռ` «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է բոլոր ընտրական գործընթացներին և փորձելու է հաղթել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Մենք տեսնում ենք, որ Երևանի դերակատարումը և կշիռը Հայաստանում բավականին մեծ է, և մենք մեծ նշանակություն ենք տալիս ավագանու ընտրություններին: Նորից եմ կրկնում, զուգահեռաբար այդ պայքարը լինելու է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք Երևանի ավագանու ընտրություններում», – ասել է Խուրշուդյանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր զանգվածի ձայները չեն կիսվի ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մասնակցության պարագայում, Հովսեփ Խուրշուդյանը նշել է, որ մի կողմից՝ ընդդիմադիր ուժերի մասնակցությունը շատ ողջունելի է:
«Այն ուժերը, որոնք, ցավոք սրտի, ձեռնպահ մնացին պայքարից նախագահական ընտրությունների ժամանակ, այս պահին համարեցին, որ ընտրություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել: Իրենց դիրքորոշման փոփոխությունը ողջունելի է, թեկուզ ուշացած, բայց ես կարծում եմ, որ համատեղ պայքար է լինելու, և իրենք էլ իրենց մասնակցությամբ այդ պայքարի մեջ են, համենայնդեպս՝ ժողովրդի քվեները պաշտպանելու գործում: Մյուս կողմից՝ որևէ խնդիր չեմ տեսնում, որ այդ ընդդիմադիր ուժերը համագործակցեն նաև հետագայում՝ ավագանիում՝ երկրում, և այս պարագայում Երևանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար», – ասել է Խուրշուդյանը:
Լրագրողներից մեկը խնդրել է բանախոսին մեկնաբանել Լևոն Զուրաբյանի՝ ընտրություններին վերահսկողական գործընթաց սկսելու մասին հայտարարությունը և հարցրել է՝ արդյոք «Ժառանգությունը» պատրաստ է դրա մաս կազմել:
Խուրշուդյանի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ ձևաչափերով կհամագործակցեն ընդդիմադիր ուժերն այդ վերահսկողությունն իրականացնելու գործում, այն, իհարկե, ողջունելի է:
«Մենք այդ վերահսկողությունն իրականացնելու ենք, և պատրաստ ենք այդ հարցում համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ», – նշել է «Ժառանգության» մամուլի խոսնակը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է համագործակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, Խուրշուդյանը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած ուժի հետ, որը իրապես, այլ ոչ թե ձևական առումով մտահոգ է ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում:
Խուրշուդյանը հրաժարվել է խոսել «Ժառանգության» ցուցակից՝ նշելով, որ վաղը այն կհնչեցվի Ազատության հրապարակի հարթակից: