Րաֆֆի Հովհաննիսյանն իր «Ժառանգություն» կուսակցության հետ փորձում է նախագահական ընտրություններից հետո առաջացած դժգոհությունն օգտագործել Երևանի ավագանու ընտություններին մասնակցելու ընթացքում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ Երևանի ընտրություններին մասնակցելու դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված կլինի բացատրել իր ընտրողներին՝ ինչու է նախագահական ընտրություններ կոչվող միջոցառմանը մասնակցել, եթե վստահ էր, որ հաղթելու դեպքում էլ չի ստանալու նախագահի պաշտոնը: Բադալյանն ասել է, որ այս համատեքստում կարևոր չէ, թե ով է գլխավորելու ավագանու ընտրությունների «Ժառանգության» ցուցակը, այդ քաղաքական ուժը չի կարող չունենալ վարկանիշի անկում:
Փորձագետն անդրադարձել է նաև երեկ հրապարակված Սերժ Սարգսյանի ասուլիսին՝ մեկնաբանելով վերջինիս՝ Ազատության հրապարակ չգնալու որոշումը:
«Գնա, որ ի՞նչ անի: Ինչ էլ որ անում է Րաֆֆի Հովհաննիսյանը` վտանգ չի ներկայացնում իշխանության համար: Թեկուզ ամեն շաբաթ հանրահավքաներ անի, այցելի մարզեր, այլընտրանքային կառավարություն կազմի, քանի որ ընտրությունները դե յուրե ավարտվել են փետրվարի 18-ին»,- ասել է Բադալյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը ոչ թե արդարացնում էր իր որոշումը, այլ փաստեր էր ներկայացնում այն մասին, որ հրապարակում բողոքող մարդկանց թիվը փոքր է և գնալով քչանում է: Բադալյանն ասել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, միայն Երևանում Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել է 200.000 մարդ, սակայն մոտ 5000 հազար մարդ է գնում հանրահավաքների:
Փորձագետի խոսքով՝ Սերժ Սարգսյանը, իհարկե, սխալվում է` այն կարծիքը հայտնելով, որ հացադուլը քաղաքական պայքարի ձև չէ, սակայն, ըստ Բադալյանի, հացադուլը չի փրկի իրավիճակը: