Այսօր Ազատության հրապարակում կայացել է Քաղաքացիական խորհրդի քննարկումների չորրորդ հանդիպումը, որի թեման այլընտրանքային կառավարության կառուցվածքն էր: Հանդիպումը բացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համոզմունք է հայտնել, որ ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին ժողովուրդը և՛ քանակով, և՛ որակով արժանի պատասխան կտա «թվաբանությամբ զբաղվող Բաղրամյան 26-ին»:
Այսօր հանդիպումը վարում էին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը: Բանախոսները ներկայացրել են, թե ինչպես են պատկերացնում անցումային շրջանի կառավարության ստեղծումը և ժողովրդավարական կարգի հաստատումը, որպեսզի ոչ միայն իշխանափոխություն լինի, այլև համակարգի փոփոխություն:
Սեֆիլյանն ասել է, որ այսօր քաղաքական սերնդափոխության խնդիր կա, որը պետք է լինի ոչ թե տարիքային, այլ որակական: «Սարդարապատի» ներկայացուցչի խոսքով՝ նոր պետությունում առաջնորդը չպետք է լինի ստրկամիտ, պետք է իրապես ծառայի ժողովրդին, որոշումները պետք է կոլիեգիալ կայացվեն, կանխվեն այն տարբերակները, երբ «հեղափոխությունը մտահղում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ հեղափոխության արդյունքում իշխանության են գալիս տականքները»:
Բանախոսն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչեցված, Սեֆիլյանի բնորոշմամբ, սպառնալիքին, այն մասին, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծի այլընտրանքային կառավարություն, ապա իրավապահ մարմինները օգտագործելու են իրենց լիազորությունները՝ սահմանադրական կարգը պահպանելու համար:
«Դա ապացույց է մեզ համար, որ ճիշտ ուղին սա է: Եթե նա կարծում է, որ իր այդ սպառնալիքով մեզ ետք է վախեցնի, չարաչար սխալվում է: Ընդհակառակը՝ դա մեզ օգնում է, որ բոլորս հասկանանք, որ ճիշտ ուղին դա է: Ժողովուրդը ոչ միայն ընտրել է նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, այլև մեզ բոլորիս հրամայել է, որ օր առաջ ամրագրենք իր ընտրությունը»,- ասել է Սեֆիլյանը:
Գարեգին Չուգասզյանը ներկայացրել է, թե ինչպես է կառուցվելու այլընտրանքային կառավարությունը: Այն ունենալու է երեք մարիմններ՝ համակարգող խորհուրդ, շարժմանն աջակցող խորհուրդ (որը գումարվելու է պարբերաբար) և տեղերում համակարգող խորհուրդներ՝ մարզերում, տարբեր քաղաքներում:
«Անցումային դատական իշխանության սկզբունքով պետք է ստեղծվի նաև սահմանադրական արդարության ատյան, ընտրական հանձնաժողով, որը բացահայտելու է կեղծիքը՝ ոչ թե քվեատուփերը բացելով, այլ հրապարակավ հաստատելով, որ ժողովուրդը ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Երրորդ քայլը լինելու է իշխանության լեգիտիմացումը, չորրորդը՝ ռեժիմի հեռացումը»,- ասել է Չուգասզյանը:
Ժիրայր Սեֆիլյանը, իր հերթին, ասել է, որ պետք է ապրիլի 9-ը դիտարկել որպես ելակետ, որտեղից դեպի նոր պետություն տանող ճանապարհը կանխելու համար իշխանությունները չունեն ոչ մի ռեսուրս:
«Սերժ Սարգսյանի բուրգը ինքնակործանման եզրին է, և, կյանքն է դրան դեմ: Մենք պետք է այնքան ուժեղանանք, նրանք այնքան թուլանան, որ այդ ժամանակ մենք նրանց հրավիրենք ռինգ»,- ասել է Սեֆիլյանը: