ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մտահոգում է այն, որ Պետեկամուտների կոմիտեն և ԱԱԾ-ն «շարունակում են տոտալ տերորը «Սիվիլիթաս» հիմանդրամի հանդեպ» այն դեպքում, երբ իշխանությունը «թաղված է ատկատների, կաշառքների մեջ»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Օսկանյանը՝ հավելելով, որ ճնշումները խոչընդոտում են հիմնադրամի բնականոն աշխատանքը:
ԲՀԿ-ականը հավելել է, որ իրավապահ մարմինները ցանկություն ունեն մեղադրանք առաջադրել «Սիվիլիթասի» դեմ այն հիմքով, թե այն «ատկատներ» է վերցրել:
Նա ասել է, որ իշխանության նման մենաշնորհ, որ կա հիմա, երբեք չի եղել, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Օսկանյանը հիշեցրել է, որ Քոչարյանի օրոք ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցրել է Կարեն Դեմիճյանը և Արթուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ին, որին Օսկանյանն անդամակցել է անցյալ տարի, բանախոսը նշել է, որ կուսակցության ներսում շուտով փոփոխություններ կլինեն: Ըստ նրա՝ կուսակցությունում լուրջ գնահատումներ են արվում, վերանայվում են նախկին քայլերը, այդ թվում՝ նաև ընտրություններին չմանակցելու որոշումը:
«Ճիշտ է՝ Գագիկ Ծառուկյանը հիմնադիրն է: Բայց ստեղծված իրավիճակը ենթադրում է ապակենտրոնացնել ուժերը, մոբիլ որոշոմներ կայացնելու խումբ ստեղծել»,- ասել է Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարը նաև խոսել է Երևանի ավագանու ընտրություններից՝ ասելով, որ շատ լուրջ քաղաքական պայքար է ակնկալվում, քանի որ Հայաստանի բնակչության կեսը մայրաքաղաքում է ապրում, և ՀՆԱ-ի 50%-ը Երևանն է ապահովում:
«Եթե քաղաքապետը լինի ոչ իշխանական իշխանությունից, նա կդառնա հանրապետության երկրորդ անձը: Քաղաքապետը նախագահ է պետության մեջ: Կոչ եմ անում, որպեսզի մարդիկ էլ նման կերպ վերաբերվեն այդ ընտրություներին»,- ասել է Օսկանյանը՝ հավելելով, որ սա շանս է իշխանությանը հակակշիռներ ստեղծելու: