Home / Հայաստան / ԱՊՊԱ-ի հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց գները չեն իջնելու

ԱՊՊԱ-ի հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց գները չեն իջնելու

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը: Փոփոխություններով առաջարկվում է հեշտացնել ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը: Մասնավորապես, առաջարկվում է ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը հնարավոր դարձնել ոչ միայն վարելով, այլև այլ եղանակներով Հայաստան բերված ավտոմեքենաների համար, վերացնել ԱՊՊԱ կտրոնի պարտադիր լինելը, ԱՊՊԱ պայմանագրի կնքում հնարավոր դարձնել մեքենայի սեփականատերի և ժառանգորդի համար՝ առանց ժառանգության ձևակերպման կազմակերպման անհրաժեշտության:

Զեկուցողին հարցեր է ուղղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նկատել է, որ քանի որ կտրոնները գործածությունից դուրս են գալիս, հնարավոր է՝ այդ առիթը օգտագործվի ԱՊՊԱ ծառայության գինը իջեցնելու համար: Փաշինյանն ասել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՊՊԱ ընկերությունները չարդարացված գերշահույթներ են ստանում: Արթուր Օսիկյանը պատասխանել է, որ փոփոխությունը գնի նվազեցում չի ենթադրում, և այդ հարցում Կառավարությունը միջամտելու հնարավորություն չունի:

Փաշինյանը նաև նկատել է, որ հաճախ փոքր վթարների դեպքում մեծ խցանումներ են առաջանում, քանի որ մարդիկ սպասում են ԱՊՊԱ-ի գործակալներին, իսկ ճանապարհային ոստիկանությունը իրավիճակը չի կարգավորում:

«Ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում խցանումներ կառավարելը, ոչ թե իրենց ձայներով խցանումները ճեղքելը»,- ասել է Փաշինյանը:

Օսիկյանն ասել է, որ այդ խնդիրը Ոստիկանության ուշադրությունում է, և բարեփոխումներ են նախատեսվում: