Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Նշենք, որ այսօր լրանում էր պաշտպանական կողմի վճռաբեկ բողոքը քննության առնելը որոշելու կամ մերժելու վերջնաժամկետը:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստները 2012-ի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման, իսկ նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել է նրանց բողոքները:
Տվյալ գործը կապված է 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ: Պաշտպանական կողմը պնդում է, որ այս օրը երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են հարձակման, նրանց ծեծի են ենթարկել, ոստիկանական բաժնում խախտվել են երիտասարդների և փաստաբանների իրավունքները:
Հիշեցնենք նաև, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն էր տարածել ՀԱԿ ակտիվիստների գործի մասին՝ հորդորելով Վճռաբեկ դատարանի գործի արդյունավետ և բազմակողմանի քննություն անցկացնել: