Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում է և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է Լևոն Բաղրամյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Թերթի տեղեկություններով՝ Բաղրամյանը, ով Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկն է և ապրում է ԱՄՆ-ում, համակարգում Ազատության հրապարակում ընթացող ասուլիսները:
«Հրապարակ»-ն ավելի վաղ գրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախքան ընտրությունները, Բաղրամյանին առաջարկել էր ԱՄՆ-ից գալ Հայաստան, դառնալ իր շտաբի պետը, բայց վերջինս չէր համաձայնել, իսկ այժմ արդեն ժամանել է Հայաստան:
Թերթը հիշեցնում է, որ Լևոն Բաղրամյանը 12 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, աշխատում էր ամերիկյան Կոնգրեսում, որպես փորձագետ՝ մասնակցել էր Օբամայի քարոզարշավին, Հայաստան գալու առիթով թողել է փորձագետի աշխատանքը: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարինի ընկերն է և գնահատվում է որպես առավել չափավոր կուրսի կողմնակից:
«Ի դեպ, ըստ լավատեղյակների, Կարինը միակն է, ում լիարժեք վստահում է Րաֆֆին և կիսվում: Որոշ գնահատումներով, հենց Կարինն է մոդերացնում հոր աշխատանքային օրակարգը», – գրում է թերթը: