Home / Հայաստան / «Երևանը մեկի գրպանում չի». քաղաքական ուժերը վճռական են տրամադրված ընտրություններին

«Երևանը մեկի գրպանում չի». քաղաքական ուժերը վճռական են տրամադրված ընտրություններին

«Բարգավաճ Հայասատանի», Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ հեղափոխական դաշնակցության, «Ժառանգության», «Օրինաց երկրի» խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր Ազգային Ժողովում հայտարարել են, որ իրենց կուսակցությունները լրջորեն պատրաստվում են Երևանի քաղաքապետարանի ընտրություններին:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հավաստիացրել է, որ այս անգամ ժողովուրդը կտեսնի ՀՅԴ-ի իրական դեմքը, որը մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել ցույց տալ: «Ամեն ընտրություններից հետո էլ խոստանում են հաջորդ ընտրությունները ավելի լավ կազմակերպել: Կատարելության ձգտումը սահման չունի: Այս անգամ մենք կարող ենք ապացուցել, որ Երևանը չի վաճառվում»,- ասել է Վարդանյանը:

ԲՀԿ անդամ Նարիա Զոհրաբյանն ասել է, որ ՀՀԿ-ականների շարքերից հնչող այն մեկնաբանությունը, թե ավագանու ընտրություններում ևս ընդդիմադիր ուժերը երկրորդ տեղի համար են պայքարելու, քաղաքական ամբարտավանություն է:

«Երևանը մեկի գրպանում չի, որ որոշեն՝ զիջել կամ չզիջել: Այժմ ունենք քաղաքացի, որ իր քվեի համար պայքարելու է»,- ասել է Զոհրաբյանը:

Նույն խմբակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն էլ հավելել է, որ իրենց համար քաղաքապետարանի ընտրությունները դիտարկվում են միմյանց լրացնող երկու հարթություններում:

«Հաղթելու դեպքում՝ մենք ամենաարդյունավետ ձևով կկարողանանք լուծել Երևանի բնակիչների առօրյա կենցաղային խնդիրները, նվազեցնել նրանց հոգսերը, վերականգնել քաղաքի՝ էապես աղճատված ճարտարապետական դիմագիծը: Երկրորդ՝ մենք համոզված ենք, որ առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու միջոցով քաղաքի ղեկավարումը վերցնելու դեպքում հնարավոր կլինի լուրջ հակակշիռ ստեղծել Հայաստանի քաղաքական համակարգում»,- ասել է Օսկանյանը:

Լուրջ մտադրությունների մասին են խոսել նաև ՕԵԿ ներկայացուցիչները: Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է այս անգամ ՕԵԿ-ը առանձնացել ՀՀԿ-ից և արդյո՞ք իրոք նպատակ ունի քաղաքապետի պաշտոնը ստանալ, ասել է, որ մասնակցության նպատակը միայն հաղթանակն է:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ ավագանու ընտրությունները ոչ թե շեղելու կամ մարելու են Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը՝ դե ֆակտո ստացած իշխանությունը դե յուրե գրանցելու համար, այլ առանձին վեկտոր են լինելու «Ժառանգության» պայքարի մեջ: