ԵՊՀ դասախոսներ, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը և Ավետիք Մեժլումյանը միացել են պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը և նրանց պատժելու պահանջին: Այս մասին դասախոսները գրել են Facebook-ի իրենց էջում:
«Հայտարարում եմ, որ առնվազն մտահոգիչ եմ համարում Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չնքելու փաստը: Առաջարկում եմ երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը»,- հայտարարության մեջ գրել են դասախոսները:
Հիշեցնենք, որ Միրզոյանի պայմանագրի չհաստատելը ԵՊՀ ղեկավարությունը բացատրել է նրանով, թե, իբր, ինքը նախկինում ոչ թե առկայի, այլ հեռակայի դասախոս էր, սակայն Արարատ Միրզոյանը դա կապում է իր հայտարարության հետ, որով ինքը դատաապարտել էր փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը:
Միրզոյանը ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին գրել էր. «Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին»-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են մայր բուհի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց»: