Երևանի քաղաքապետարանը արտոնել է Հանրապետության հրապարակում ապրիլի 9-ի հավաքը, որն անցկացնելու համար հայց էր ներկայացրել ՀԱԿ պատգամաբոր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին հայտարարել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա, սակայն, նշել է, որ դեռևս որոշված չէ, թե ժողովուրդն այդ օրը որտեղ է հավաքվելու:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ հաղթահավաքը տեղի է ունենալու մարտի 29-ին, ժամը 18.00-ին, և այդ օրը ինքը հանդես է գալու հատուկ հայտարարությամբ:
«Կգամ ապագա ճանապարհային քարտեզով: Հավաքը լինելու է հանգրվանային: Սա ինտրիգ չէ, սա ծրագիր է, կտեսնեք», – ասել է «Ժառանգության» ղեկավարը:
Ներկայացնելով հետագա ծրագրերը՝ Հովհաննիսյանն ասել է, որ վաղը Ազատության հրապարակում տեղի կունենա համերգ, իսկ կիրակի վերսկվելու է քաղաքացիական ֆորումի հանդիպումների շարքը: Այդ օրը իրենց առաջարկներով հանդես կգան Արկադի Վարդանյանն ու Վարդան Խաչատրյանը, իսկ երկուշաբթի՝ «Ժառանգության» ներկայացուցիչ՝ Ստյոպա Սաֆարյանը:
Հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ մեկ շաբաթ՝ մինչև Սուրբ Զատիկի օրը, ինքը պահելու է ծոմ, և բոլոր ցանկացողներին առաջարկել է միանալ իրեն:
«Յուրքանչյուրս պիտի մի փոքր զոհաբերություն անի, և մենք կհասնենք հաղթանակին», – ասել է նա: