Ոչ ոք ճշմարտության մենաշնորհին չի տիրապետում, մնում է դուրս գալ կաղապարներից և բանակցություններ վարել: Այս մասին Ազատության հրապարակում այսօրվա քննարկմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի նամակի մասին իր կարծիքը կհայտնի վաղը, իսկ հաջորդ օրը կհանդիպի լրագրողների հետ: Հովհաննիսյանը հավելել է, որ պատրաստ է ՀՀԿ նախագահին ընդունել Ազատության հրապարակում:
«Այո, կան մարդիկ, ովքեր ազնիվ քվե են տվել Սերժ Սարգսյանին, սակայն նրա քվեների մեծ մասը կեղծիքի հիման վրա է և ենթակա է ինքնամաքրման»,- ասել է նա:
«Ժառանգության» առաջնորդը հայտարարել է, որ նպատակը մեկն է՝ հասնել ժողովրդի ընտրության ամրագրման այս տարվա ընթացքում:
Նշենք, որ այսօրվա քննարկմանը ելույթ է ունեցել «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանն ասել է, որ երկրում տիրող քաղաքական ճգնաժամը հնարավոր չէ լուծել կոսմետիկ փոփոխություններով, ինչը, ըստ նրա, իշխանությունները փորձում են անել:
«Այն, ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակից սկսած, դուրս է ՀՀ իշխանությունների ծրագրից: Եթե նրանք գտնում են, որ կարող են ժամանակ շահել տարատեսակ նամակագրությամբ՝ չարտահայտելով հստակ վերաբերմունք, ուրեմն տանուլ են տալու»,-ասել է Սաֆարյանը:
Նա հավելել է, որ ժողովրդի ճնշումն է այսօր վիճակ փոխել. կա լուռ պայքար, որին Բաղրամյան 26-ը արձագանքում է. դա այն է, որ ժողովուրդը, հրապարակում կանգնելով, մերժում է իշխանությունը: