ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը մտադիր է Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել նրանց իսկ հայտարարություններից բխող և իր՝ Հայրիկյանի պաշտոնապես ազդարարված նախընտրական ծրագրին համահունչ գործողությունների համակարգ։ Այս մասին Հայրիկյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Իր տեքստում «ո՞րն է ելքը» հարց հնչեցնելով՝ Պարույր Հայրիկյանը, մասնավորապես, գրում է.
«Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նախագահ ճանաչելով և Սերժ Սարգսյանին նախագահ չճանաչելով հանդերձ՝ Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխոսությունն ամեն ինչից վեր դասեց։ Սարգսյանը արձագանքեց երկխոսության առաջարկին՝ արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսևորում կարելի է համարել՝ հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք որպես ազգ վերջնականապես բնաջնջվելու սպառնալիքի առաջ: Եվ այս արտահայտվող կամ քողարկվող մտահոգությունը առկա է բոլորիս մտքերում։ Դրանով էլ կարելի է բացատրել Հովհաննիսյանի և Սարգսյանի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը։
Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել սահմանադրական բարեփոխումների Հանձնաժողովը (ՍԲՀ): Ես 98-99 թվականներին կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարագացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրութիւններ կատարելու հարցում։
Առօրեական քաղաքական նպատակադրումներ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը բնականաբար չպետք է ընդուներ ՍԲՀ նախագահ դառնալու Սերժ Սարգսյանի առաջարկը: Իմ ծրագրահենքում Սահմանադրական բարեփոխուների իրականացումը՝ վեց ամսից մեկ՝ առավելագույնը երկու տարվա ընթացքում, առաջնահերթ նպատակների թվում էր։ Նաև այս իրողությունն է ինձ տրամադրում խորհել այս առաջարկն անելու մասին։
Հենց սկզբից բոլորը պետք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարության և մարդու իրավունքների: Ես այդ իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից և գտնվելու վայրից։ Իսկ առաջարկիս Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հավհաննիսյանի համաձայնվելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանն կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը և լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ինչ որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ որ հարցերում ընդդիմախոսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած հանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ:
Այսօր առավոտյան տեղադրված գրառման մեջ Հայրիկյանը նաև ընդգծում է, որ
երկար ժամանակ ոչինչ չի գրել, թեև գրել սիրում է և գրելու պահանջ ունի։ Նրա խոսքով՝ ինքն ասելիքը թելադրում է, քանի որ գտնվում է Կարմիր խաչի հիվանդանոցում, իսկ հունվարի 31-ի մահափորձից հետո վիրավորված իր ձեռքի վիճակը գնալով վատանում է, ու «այս համակարգչի ստեղնաշարը վեր է ածվում տանջանքի գործիքի»։
«Տիրոջ կամքով, մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ եմ։ Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկությունը։ Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում՝ ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատվելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, և նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրաելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից, կարծում եմ, կլինի նաև Հոլանդիայից», – նշում է Հայրիկյանը։
Նա նաև խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ընտրված պայքարի ձևի մաիսն՝ նշելով, որ վերջինս, և որևէ հայ քրիստոնեա չի կարող Զատիկի ժամանակ ծոմի մեջ լինել։
«Նրանը ծոմ չէ, այլ քաղաքական բողոքի հացադուլ, բայց, ըստ էության, նաև ծոմ է», – գրում է Հայրիկյանը: