Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, ժամը 18:00-ին, անհայտ մի տղամարդ, մուտք գործելով Ազատության հրապարակ, գոռում-գոչյունով ճեղքեց հավաքված բազմության շարքերը և ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում էր «Բարևահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին:
Ինչպես հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, թիրախին մոտենալու պահին շուրջ քսան ոստիկաններ, ում հանձնարարված էր հրապարակում կարգուկանոն ապահովել, անգործություն դրսևորեցին մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակեցին Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող տղամարդուն:
«Միջադեպից մոտ մեկ ժամ առաջ այդ նույն ոստիկանները բավական արդյունավետ կերպով կենդանի պատ ստեղծեցին Հովհաննիսյանի ռահակիցների և փոքր խոտածածկ տարածքի միջեւ, որտեղ տարեց մի ազատամարտիկ արվեստագետ լարախաղացի վրա փոքր ակրոբատիկ ներկայացում էր ուզում ցուցադրել:
Հանրայնորեն ապացուցված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարում է Հանրապետության պատմության մեջ ամենախաղաղ, սահմանադրական շարժումը և լրջորեն պայքարում է քաղաքացիների ու ոստիկանների միջև փոխադարձ հարգանքի ձևավորման ուղղությամբ: Այսպիսով, մենք մեծապես ցավում ենք, որ ստիպված ենք արտահայտել մեր խորը հիասթափությունը ՀՀ ոստիկանությունից, որը կատարելով անիրավ, քաղաքական հրահանգներ՝ միաժամանակ անհրաժեշտ պահին չխափանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոտնձգությունը և Ազատության հրապարակում չապահովեց քաղաքացիների անվտանգությունը:
Ավելին՝ մենք ոստիկանությանը կոչ ենք անում անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները: Եվ, վերջապես, մենք պահանջում ենք, որպեսզի ոստիկանությունը փոխի իր անհանդուրժողական վարքագիծը քաղաքացիների հանդեպ, ում նա կոչված է պաշտպանելու, բայց ում, փոխարենը, մղում է անվստահության, անհնազանդության եւ վարչակարգի վերջնական մերժման:
Ժողովրդի համբերությունն անսպառ չէ: Նրա հանդեպ կատարված ցանկացած ապօրինության կամ բռնության ամբողջական պատասխանատվությունը՝ ժողովրդի կողմից հնարավոր պատասխան քայլերի հետ մեկտեղ, ընկնելու է դե ֆակտո իշխանությունների եւ նրանց օրինապահ մարմինների վրա», – ասված է Հովհաննիսյանի շտաբի հայտարարության մեջ: